ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված աջ ղեկով մեքենաները անցակետից դուրս բերելու ԱԱԾ հայտարարությունը վերաբերում էր կոնկրետ այդ կառույցի գործառույթներին` սահմանի վերահսկողությանը: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ է ստեղծում: Այնտեղ կուտակված են բազմաթիվ մեքենաներ, և դրանք անընդհատ ավելանում են: Մենք կոչով դիմել ենք, որ իրենց մեքենաները հանեն այդ տարածքից, որ կարողանանք կատարել օրենքով մեզ վերապահված լիազորությունները: Որոշ շրջանակներ սկսեցին շահարկել, որ ԱԱԾ-ն ոչ իր իրավասության մեջ մտնող գործերին է խառնվում, նշեմ, որ սահմանային վերահսկողության միջոցառումներն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ այնտեղ լինի ազատ տարածք: Գալիս են, ասենք, բեռնատար մեքենաները, տեղ չունեն շրջադարձ կատարելու, աջ ղեկով կայանված մեքենաները վնասվում են, գողություններ են կատարվում և այլն»,- ասաց նա:
Վանեցյանը հայտնեց, որ իրենք իրավասություն ունենք վարչական պատասխանատվության ենթարկել սահմանային գոտում իրավախախտումներ կատարած անձանց, սակայն այդ իրավասությունից չեն օգտվում, կոչ են անում դուրս բերել մեքենաները: Նա տեղեկացրեց` այսօր իրեն զեկուցել են, որ սահմանին` այդ մեքենաների կայանման վայրի հարևանությամբ, ազատ տարածք կա, և պետք է քննարկում լինի, հորդորեն մեքենաները տեղափոխել այդ տարածք, մինչև կընդունվի համապատասխան որոշումը աջ ղեկով մեքենաների ճակատագրի վերաբերյալ, դրանից հետո քաղաքացիները կկարողանան իրենց մեքենաները ներկրել ու մաքսազերծել: