Մենք կարիք ունենք աշխարհում հասկացված լինելու․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։

«Մենք (իսկ առավելապես կառավարող ուժը) կարիք ունենք աշխարհում հասկացված լինելու։ Մենք կարիք ունենք, որպես պետություն վստահելի և ընկալելի գործընկեր լինելու։ Կարիք ունենք մեր շահը հստակ ձևակերպելու, որպեսզի մեզ հետ, մեր շուրջը, մեր տարածքում հետաքրքրություններ ունեցողները կարողանան համադրել մեր և իրենց շահերը։ Մենք պիտի կարողանանք հասկացված, վստահելի, հեռահար պլանում կանխատեսելի գործընկեր լինենք մեր տարածաշրջանում իրենց հետաքրքրությունները որոնող տերությունների հետ։ Կլինի դա Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, ԱՄՆ-ը, Եվրոպան, թե Թուրքիան։

Երբ մեր ժողովրդին ասում ես, պետք է խոսել Թուրքիայի հետ, շատերը դա նայում են որպես դավաճանական քայլ։ Բայց օրինակ Ադրբեջանի մասնատման շուրջ Թուրքիայի հետ բանակցելու մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Եթե Թուրքիան ուզում է տիրանալ Ադրբեջանին, բայց դա չի կարողանում անել մեր պատճառով, թող որ դա լինի մեր միջոցով։ Սա իհարկե քիչ հավանական սցենար է, բայց այնուամենայնիվ չբացառվող և հետևաբար մենք որպես պետություն, որպես հանրություն պիտի պատրաստ լինենք նաև նման զարգացումների։
Բայց նախ պետք է աշխարհի համար դառնանք ընկալելի։ Ինչպե՞ս…

Ադրբեջանը հստակ ասում է, որ իր առավելագույն նպատակը Արցախի օկուպացիան է։ Ռուսաստանն ասում է, որ իր համար նվազագույն խնդիրը Արցախը Ադրբեջանի կազմում չտեսնել է։ Թուրքիան ասում է, որ Ղարաբաղի խնդրին երրորդ կողմի միջամտությունը հիմք կարող է ստեղծել Ադրբեջանի խնդրանքով իր կողմից ռազմական միջամտության։ Իրանն ասում է, որ թույլ չի տա տարածաշրջանը ապակայունացնել և այլն։

Իսկ ի՞նչ ենք ասում մենք…Ի՞նչ է մեր ուզածը այս պատերազմում… Հաղթանա՞կ… որն է դա…
Երեք անգամ խնդրել ենք, որ զինադադար կնքվի, երեք անգամն էլ Ադրբեջանը խախտել է ու մեղադրել մեզ, իսկ մենք մեղադրել ենք իրենց։ Եթե զինադադար լինել, դա հաղթանակ կլինե՞ր։

Արայիկ Հարությունը դիմել է ՌԴ նախագահին, որ նա գա Արցախը միացնի ՌԴ-ին։ Դա հաղթանակ կլինե՞ր։
ՀՀ վարչապետը ասել է, որ մենք պատրաստ ենք ցավալի զիջումների, բայց Ադրբեջանը համաձայն չի։ Եթե համաձայն լիեր` սա մեզ համար հաղթանակ կլինե՞ր։
Վրաստանից նեղացել ենք, որ Թուրքակամ զենքը թողնում իր տարածքով անցնի, իսկ մերը` ոչ, Իսրաելից ու Ուկրաինայից նեղացել ենք, որ զենք են վաճառել Ադրբեջանին, բայց Լուկաշենկոյին, որը նույնպես զենք է վաճառում Ադրբեջանին շնորհավորել ենք ժամանակից շուտ, իսկ Պուտինին օր ու մեջ խնդրում ենք, որ մեզ օգնի, որ մեզ փրկի։

Ու էս ամենին զուգահեռ ամեն օր կրկնում ենք, որ հաղթելու ենք, բայց մինչև հիմա անհատներից դուրս, ինստիտուտների մակարդակում ձևակերպված չի, թե որն է մեզ համար հաղթանակը։
Մենք, որ ամեն օր զինադադար էինք փնտրում, Էդ օրով կնքված զինադադարը էդ օրվա սահմաններով մեզ համար հաղթանակ էր, թե՞ ոչ։ Լավրովի պլանի դիմաց զինադադարը հաղթանա՞կ է, թե՞ ոչ։ Իսկ Գոբլի՞, իսկ առանց նախապայմանների՞…

Ինձ համար օրինակ հաղթանակ է, Ադրբեջանի մասնատումը, և արևելքում մինչև Քուռ Հայաստանի հանրապետություն ունենալը։
Մի ուրիշը ասում է, որ ոչ Քուռը քիչ է, պետք է Ռուսաստանի հետ ցամաքային սահման ունենալ և Վրաստանին կտրել հարավից, որպեսզի կախման մեջ ընկնի մեզանից և էլ նույն սխալը, ինչ էս պատերազմի ժամանակ արեց` չկրկնի։
Մի երրորդը համարում է, որ դրանք չափազանց վերամբարձ պլաններ են, և իր համար Հաղթանակ է Արցախի Սահմանադրությամբ հռչակված սահմաններով Առցախի հանրապետության հռչակումը, երբ Ադրբեջանը հետ քաշվի հին բնագծերին և Շահումյանը միացվի Արցախին։

Ուրիշները գտնում են, որ էս պատերազմում հաղթանակի հասնելու համար պիտի Ադրբեջանի հետ Թուրքիան էլ մասնատվի և Վիլսոնյան Հայաստանը պիտի կյանքի կոչվի: Դա է իրենց հաղթանակը։ Էլի շատ տարբերակներ կան հաղթանակի ընկալումների, բոլորի մասին իմաստ չունի գրել, բայց…

Ակնհայտ է, որ կառավարությունը պիտի հռչակի իր/մեզ համար ընդունելի հաղթանակի բանաձևը ու բոլորս լծվենք էդ հաղթանակը կերտելու գործին։ Առանց այդ բանաձևի մենք ունենալու ենք մի վիճակ, որն ունեղանք նախ հեղափոխության, այնուհետև իշխանափոխության, այնուհետև ոչմիբանափոխության ժամանակ։
Վստահեցնում եմ ձեզ, նույնիսկ ամենաանհավանական բանաձևի շուրջ հայտարարի գալու դեպքում, եթե այն եղավ հստակ և ընկալելի մեզ և աշխարհի համար, մենք ինչքան որ հնարավոր չուզողներ ենք ունենալու, նույնքան էլ գտնվելու են պետություններ, որոնք պատրաստ են լինելու աջակցել էդ ծրագրին, որովհետև դրա մեջ տեսնելու են իրենց շահը։

Առաջիկա օրերի մենք` Հայաստանի հանրությունը, և աշխարհն էլ մեզ հետ, վարչապետի կողմից պիտի լսենք հաղթանակի ընդունելի բանաձևը։ Առանց դրա դժվար է լինելու հաղթել, եթե ոչ անհնարին, որովհետև այն ամեն մեկի համար մի արդյունք է ենթադրելու ու դրան հասնելու տարբեր ժամկետներ ու մեթոդներ։ Հուսով եմ պետական կառավարման ապարատում կա էդ ներուժը, որ կարողանա ձևակերպել մեզ անհրաժեշտ հաղթանակի բանաձևը։ Եթե չկա, ես տեղը գիտեմ…»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/gmiskaryan/posts/5408962612463077

Ամենաթարմ