ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախօրեին ասել է, թե անհրաժեշտ է կանխել Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումը, և աշխարհը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը դառնա հերթական Գազա։
Այդ մասին նա հայտարարել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողների հետ զրույցում: Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Իսրայելի ու Լիբանանում տեղակայված «Հըզբոլլահ»-ի միջև ընդհարումների և «ռազմական հռետորաբանության» առնչությամբ:
«Մեկ չմտածված քայլ, մեկ սխալ հաշվարկ, և կարող է առաջանալ աներևակայելի աղետ: Եկեք հստակ փաստենք, որ տարածաշրջանի ժողովուրդը և աշխարհը չեն կարող թույլ տալ, որ Լիբանանը դառնա ևս մեկ Գազա», – ասել է Գուտերեշը:
Նա կոչ է արել կողմերին շտապ վերահաստատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի ամբողջական կատարումը և անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները:
2006 թվականին ընդունված թիվ 1701 բանաձևը նախատեսում է Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հրադադար, հարավային Լիբանանից իսրայելական ուժի հեռացում և ապառազմականացված գոտու ստեղծում: