Հայաստանում կա մոտ 100 հազար թափուր աշխատատեղ։ Մեզ հայտնի չէ նման դեպք, երբ մարդը ցանկանա աշխատել և չկարողանա դա անել։ Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ գործատուները ցերեկով ճրագը ձեռքներին աշխատակիցների են փնտրում ծառայությունների, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում։ Նա պարզաբանեց, որ այդ թափուր աշխատատեղերն արագ համալրվում են օտարերկրացիների կողմից։ Միաժամանակ Քերոբյանն ընդունեց կառուցվածքային գործազրկության փաստը՝ կոչ անելով քաղաքացիներին մշտապես կատարելագործել իրենց հմտությունները։
Նախարարը վստահեցրեց, որ նոյեմբերին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ՝ 701 հազար աշխատատեղ, աճը 2021 թվականի նոյեմբերի համեմատ գերազանցել է 47 հազարը։
«Միջին աշխատավարձը 2021 թվականի նոյեմբերի համեմատ աճել է 20 տոկոսով եւ կազմում է 266 հազար դրամ (ավելի քան 550 դոլար-խմբ.)»,-նշեց Քերոբյանը։