Վաշինգտոնը տարբեր մակարդակներով աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։
Նեդ Փրայսն ընդգծել է զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ:
«Դեսպան Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է գործընթացում, աշխատում է հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Նա նաև նախորդ շաբաթ Նյու Յորքում մասնակցել է պետքարտուղար Բլինքենի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։ Վերջերս Ռիքերը Հարավային Կովկասում էր, որտեղ անձամբ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նախօրեին տեղի է ունեցել նաև Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի եռակողմ հանդիպումը։ Գործընթացում ակտիվորեն ներգրավված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, նա կապի մեջ է Հայասստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև երկու երկրի ղեկավարների հետ։ Մենք ներգրավված ենք տարբեր մակարդակներով, խողովակներով և վերահաստատում ենք լարվածությունը թուլացնելու և զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը»,- ասել է Փրայսը։