ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանը 62 երկրների շարքում մայիսի 15-ից 19-ը մասնակցում է Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին, որը տարածաշրջանում կազմակերպված ամենախոշոր ցուցահանդեսն է համավարակի ժամանակահատվածում։
«Դուբայի աշխարհի առևտրային կենտրոնում, մայիսի 15-ին՝ «Նոր լուսաբաց ճամփորդությունների և զբոսաշրջության համար» խորագրի ներքո, պաշտոնապես բացեց իր դռները ATM Dubai 28-րդ զբոսաշրջային ցուցահանդեսը։ Չնայած համավարակով պայմանավորված ճամփորդական սահմանափակումներին՝ աշխարհի տարբեր երկրների կողմից մասնակցությունը ցուցահանդեսին աննախադեպ է, ինչը նոր ազդակ է ոլորտի վերականգնմանը։ Ցուցահանդեսում ներկայացված է 1300 տաղավար աշխարհի 62 երկրներից, այդ թվում՝ Իսրայելից, Սաուդյան Արաբիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Հարավային Կորեայից, Եգիպտոսից, Թաիլանդից, Մեքսիկայից, ԱՄՆ-ից և այլն։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն պետական տաղավարով, տեղական մի շարք զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, մասնակցում է ցուցահանդեսին։
«Հայաստանի ներկայացվածությունը ATM Dubai ցուցահանդեսին հենց այս ժամանակահատվածում չափազանց կարևոր է, քանի որ համաշխարհային զբոսաշրջությունը սկսել է առողջացման միտումներ արձանագրել, ինչի մասին էլ վկայում է բազմաթիվ երկրների ակտիվ մասնակցությունը», – նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։
Զբոսաշրջության ոլորտի առաջատար այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը լավ հնարավորություն է՝ ներկայանանալու զբոսաշրջության ոլորտի առաջատար երկրների, տեխնոլոգիական նորարարության հսկաների հետ կողք-կողքի՝ ցուցադրելով իր մշակութային, արկածային և գաստրո գրավչությունները։
Ավելի քան 145 միջազգային փարձագետներ հանդես են գալու ելույթներով հետևյալ թեմաների շուրջ՝ պատվաստումներ, շուկաների թիրախավորում և տեխնոլոգիական նորարարություններ, զբոսաշրջային արդյունքների բազմազանեցում, ճամփորդական միջանցքներ։ Վերջիններս կարևոր խթան են 2023 թվականին ոլորտի լիարժեք վերականգնման համար։Այս տարի, առաջին անգամ ATM Dubai-ի պատմության ընթացքում, ցուցահանդեսը կունենա նոր ձևաչափ․ ցուցահանդեսի հիմնական օրերից բացի, մայիսի 24-ից 26-ն այն կշարունակվի նաև առցանց ձևաչափով՝ ներգրավելով 12,000 մասնակցի 140 երկրից։
Շատ երկրներ, որոնք մասնակցում են ցուցահանդեսին, արդեն իսկ նախատեսում են զբոսաշրջիկներ ընդունել այս տարվա երկրորդ կեսից, դրանց թվում են՝ Մալազիան, Թաիլնադը, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Շվեյցարիան և Հայաստանը։
Ցուցահանդեսին Հայաստանի պաշտոնական տաղավարով մասնակցությունն իրականացվում է Զբոսաշրջության կոմիտեի կողմից և սուբսիդավորվում է Զբոսաշրջության 2021 թվականի ծրագրի շրջանակներում։ Տաղավարի կառուցապատումը հովանավորել է Al Khalidiah Tourism-ը»։