Լուրջ ռիսկեր կան, որովհետև կան ավիաընկերություններ, որոնք խաղից դուրս կարող են մնալ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղությունների չվերթերով մեկնող անձանց, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Հանձնաժողովի նիստի ժամանակ մեզ հավաստիացրին, որ այդպես չէ, բայց ես հետաքրքրվել եմ և կարող եմ ասել՝ այստեղ լուրջ ռիսկեր կան, որովհետև կան ավիաընկերություններ, որոնք խաղից դուրս կարող են մնալ»,-ասաց Թունյանը:
Նրա կարծիքով՝ դա կարող է լուրջ ռիսկեր պարունակել ու խաղից դուրս թողնել արդեն իսկ գործող ավիաընկերություններին:
«Օրինակ Air France-ը, որը Հայաստան է թռչում Շառլ դը Գոլ օդանավակայանից, հիմա եթե նոր ավիաընկերություն ենք ցանկանում ավելացնել ու չենք ֆիքսում նոր ուղղություն, այլ ֆիքսում ենք նոր օդանավակայան, նշանակում է, որ ինչ-որ բյուջետային ավիաընկերություն Փարիզի մեկ այլ օդանավակայանից Հայաստան կարող է թռիչք կատարել՝ օգտվելով այս արտոնությունից, արդյունքում մենք Հայաստանում տարիներ շարունակ գործող ավիաընկերությանը կդնենք վատ դրության մեջ»,-ասաց նա:
Թունյանի խոսքով՝ թեև տնտեսական մրցակցության հանձնաժողովի եզրակացությունը դրական է, սակայն 4 էջ շարադրված է դրա ռիսկերի մասին:
«Դուք նշում եք, որ ձեր հաշվարկներով 300 հազար ուղևորահոսք կավելանա, ուզում եմ տեսնել՝ որտե՞ղ են այդ հաշվարկները, ովքե՞ր են դրանք արել, հաշվե՞լ եք ընդհանրապես, թե եթե օդի պետական տուրքը հանենք, գուցե դրա արդյունքում տնտեսական էֆեկտը ավելի մեծ լինի»,-ասաց Թունյանը: