fbpx
Հասարակություն

Ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացնում

Երևանի Բրազիլիայի հրապարակում մեկնարկել է ավտոներկրողների բողոքի ակցիան: Ավտոներկրողները բողոքում են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման կարգից, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից, մաքսատներում առկա հերթերից:

Նրանք նշում են, որ նույն ավտոմեքենաների մաքսազերծման համար նախորդ տարվա և այս տարվա գները տարբերվում են:

Ավտոներկրողները խնդիր են համարում նաև այն, որ այն ավտոմեքենաները, որոնք պատվիրել են նախորդ տարվա ընթացքում այդ ժամանակ գործող դրույքաչափերով, այս տարի են հասել և մաքսազերծվում են արդեն այս տարվա դրույքաչափերով:

Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք նշում են, որ պլանավորել են ավտոերթով շարժվել կառավարություն, սակայն եթե իմանան, որ վարչապետի հետ հանդիպման հստակ օր ու ժամ կլինի, ավտոերթ չեն անցկացնի և կսպասեն հանդիպմանը:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին մոտ լինեն կամ հավասար: Նրա խոսքով՝ ինվոյսային նախորդ մեխանիզմը չի հանվել, պահպանվում է նույն մեխանիզմը, ուղղակի որոշակի փոփոխությունների է ենթարկվել ՊԵԿ-ի մոտեցումը: «Մենք մեր կայքում մի գործիք ենք ներմուծել, որը կոչվում է հաշվիչ, և ցանկացած անձ կարող է իր ներմուծած կամ ներմուծվելիք մեքենայի վերաբերյալ տեղեկատվությունը ներմուծելով՝ ստանալ կողմնորոշիչ գին»,- ասել է նա:

Դավիթ Անանյանի խոսքով՝ կասկածելի ինվոյսներով ներմուծվող մեքենաները ուսումնասիրվելու են. «Եթե ինվոյսը էական շեղում ունի կողմնորոշիչ գնից, ՊԵԿ-ն ուսումնասիրում է այդ ինվոյսը և, եթե ակնհայտ անարժանահավատության խնդիր չկա, մաքսազերծումն իրականացվում է ըստ այդ ինվոյսի, բայց դրանից հետո հետբացթողնման հսկողության ժամանակ շատ ավելի խորն են ուսումնասիրում ինվոյսը, հարցումների միջոցով պարզում են՝ արդյոք այն համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Մենք սա ենք ներմուծել այս տարվանից»,- հայտարարել է ՊԵԿ նախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ