Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում չարդարացված սպասելիքները ոչ թե հիասթափեցնում են, այլ տրամադրում են ավելի շատ աշխատել, գրում է Armsport-ը։
Այսպես են Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայացած առաջնությունում մեդալներ նվաճած ըմբիշներն ամփոփում են իրենց ելույթները:
Բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյան (70 կգ)
«Սպասելիքներս շատ էին:
Ափսոս, չստացվեց ավելի բարձր տեղ զբաղեցնել: Մարզիչներն ավելի շատ սպասելիքներ ունեին: Կիսաեզրափակչի՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Աբդուլկադիրովի հետ գոտեմարտում ինձ լարվածությունը խանգարեց»:
Բրոնզե մեդալակիր Արման Ավագյան (79 կգ)
«Ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել: Սա ինձ համար երկար սպասված մեդալ էր: Կուզեի ավելի բարձր հորիզոնական զբաղեցնել, դրա հնարավորությունն էլ ունեի, բայց, ցավոք, կիսաեզրափակչում չկարողացա հաղթել որոշ սխալների պատճառով: Կա պարտություն, կան սխալներ: Կաշխատեմ այդ ուղղությամբ և կփորձեմ աշխարհի առաջնությանն ավելի հաջող հանդես գալ»:
Արծաթե մեդալակիր Մհեր Մարկոսյան (86 կգ)
«Մեդալը սպասված էր: Իհարկե, ցանկալի կլիներ ոսկե մեդալակիր դառնալ: Այժմ մնում է ավելի լավ աշխատել և պատրաստվել աշխարհի առաջնությանը, որպեսզի այնտեղ ոսկե մեդալ նվաճենք: Հավաքների ժամանակ մարզիչներիս հետ կխոսեմ և կքննարկենք սխալներս ու համապատասխան ուղղումներ կանենք»:
Ոսկե մեդալակիր Հրաչյա Մարգարյան (61 կգ)
«Առաջնահերթ պետք է շնորհակալություն հայտնեմ մարզիչներիս, որ վստահեցին ինձ հանդես գալ այս քաշային կարգում: Վիճակահանությամբ ինձ շատ բարդ խումբ էր բաժին հասել, սակայն ամեն ինչ արեցի եզրափակիչ դուրս գալու համար: Մինչև եզրափակիչ գոտեմարտերը շատ բարդ էին, իսկ եզրափակիչը, կարելի է ասել, ավելի հեշտ ստացվեց: Հիանալի տպավորություններ ունեմ: Այս առաջնությունից ավելի ոգևորվելու ենք աշխարհի առաջնությանն ավելի լավ պատրաստվելու համար»: