2007 թվականից սկսած՝ ամեն տարի հունվարի 28-ին նշվում է Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրը (Data Protection Day): Տոնը հիմնվել է՝ օգտատերերին հիշեցնելու համացանցում վարքագծի կանոններին հետևելու մասին, որոնք օգնում են պաշտպանել նրանց վիրտուալ և իրական կյանքը:
Որոշ երկրներում տոնն անվանում են նաև «Գաղտնիության օր», իսկ տոնելու որոշումն կայացվել է 2006 թվականի ապրիլի 26-ին Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի կողմից:
Օրը համընկնում է 1981 թվականի հունվարի 28-ին Եվրախորհրդի «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման կապակցությամբ անձանց պաշտպանության մասին» Կոնվենցիայի ստորագրման տարեդարձի հետ:
Տվյալ Կոնվենցիան միջազգային առաջին պարտավորեցնող գործիքն է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում, որը սահմանում է անձնական տվյալների անձեռնմխելիության՝ մարդու իրավունքի պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև սահմանում է «անձնական տվյալներ» հասկացությունը: