Հայազգի ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը այսօր դարձավ 80 տարեկան։
Կոմանդոսը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։
Մինչև Արցախի ազատագրման պայքարին միանալը Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում և Բելառուսում։
Կոմանդոսը 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։
1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։
1992 թվականի մայիսին ռազմական գործիչը ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշիի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։
Կոմանդոսը պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով։