Վարդավառը կամ կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Ըստ եկեղեցական տոնացույցի՝ այն նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Ծագումը
Տոնը գալիս է մինչքրիստոնեական ժամանակներից և կապված է բերքահավաքի շրջանի հետ: Ըստ հայագիտության մեջ եղած տեսակետների, կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի, Ամանոր-Նավասարդի հետ։ Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և նվիրատվություններ անելով դաշտը հովանավորող ուժերին արտերի տարերքը մարմնավորող Միհրին։
Հոգևոր խորհուրդը
Համաձայն Աստվածաշնչի՝ Քրիստոսն իր քարոզչական գործունեության երրորդ տարվա ամռանը, իր մահվան և հարության մասին առաքյալներին հայտնած կանխասացությունից վեց օր հետո, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը՝ աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում և այլակերպվում է. «դեմքը փայլեց ինչպես արեգակը և նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը» (Մատթ. 17.2, որպես համեմատություն՝ Մարկ. 9.2, Ղուկ. 9.29):
Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոսը խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ: Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ տեղի պիտի ունենային Երուսաղեմում (Ղուկ. 9.31): Շուտով մի ամպ հովանի է լինում իրենց, և մի ձայն ամպի միջից ասում. «Դա է իմ սիրելի Որդին, դրան լսեցեք» (Մարկ. 9.6, համեմատության համար՝ Մատթ. 17.5, Ղուկ. 9.35):
Որոշ աստվածաբաններ Վարդավառի տոնը կապում են Ջրհեղեղի և Նոյի՝ տապանից իջնելու հետ՝ միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը դիտելով իբրև Ջրհեղեղն ու նրանից ազատվելը հիշատակող կամ խորհրդաբանող արարողություն:
Տոնակատարությունը
Վարդավառը ուներ տոնահանդեսի արարողակարգի հաջորդականություն, որ որոշակի հստակեցում էր մտցնում հանդիսությունների շղթայում: Տոնին բնորոշ ծեսերը ընդհանրական էին, որ ըստ դրանց ամենուր տոնը բնորոշվում էր. այդպիսիք էին, օրինակ, միմյանց վրա ջուր ցողելու, աղավնիներ թռցնելու, միմյանց ծաղիկներ նվիրելու, եկեղեցի հասկեր տանելու և օրհնել տալու սովորությունները, ուխտագնացությունները, զոհաբերությունները, գիշերային հանդեսները և այլն: Կատարման ժամանակով Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին:
Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի’ խնդրելով, որ դաշտերը կարկուտից ու մորեխից անվնաս մնան: Ընդհանրացված սովորույթ էր, որ տարվա առաջին խնձորը ուտեն Վարդավառին։ Սարերում Վարդավառի ամենաուրախ հանդեսներին հավաքվում էին լարախաղացներ, կազմակերպվում էին պարեր, տոնավաճառներ, և զբոսախնջույքներ: Ուխտավայրերում կատարվող վարդավառյան հանդիսությունները երբեմն հիշեցնում էին նավասարդյան տոնահանդեսները: