Հունվարի 27-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը ՌԴ ԱԳՆ էր կանչել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաշադ Մուստաֆաևին։
Արտահայտվել է մտահոգություն՝ կապված ադրբեջանական լրատվամիջոցներում վերջին շրջանում հրապարակված հակառուսական ուղղվածության հոդվածների շարքի, ինչպես նաև Բաքվում գտնվող Ռուսական տան դեմ վարվող ապատեղեկատվական արշավի հետ։ Ռուսական կողմը նշել է, որ ներկայացված մեղադրանքները բացարձակապես անհիմն են։
Հանդիպման ընթացքում ռուսական կողմը կարևորել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կառուցումը ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով՝ հիմնված 2022 թվականի փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված Հռչակագրի վրա, որը ծառայում է երկու պետությունների ազգային շահերին։
Բացի այդ, քննարկվել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած Ադրբեջանի ավիաուղիների ինքնաթիռի վթարի թեման։ Շեշտվել է պաշտոնական հետաքննության ավարտի և դրա արդյունքների հրապարակման կարևորությունը՝ տեղի ունեցած ողբերգության բոլոր հանգամանքները պարզելու համար։