fbpx
Խորհրդարան

Եթե տեղական արտադրանք եք խրախուսում, ուրեմն պիտի «Արմֆոն» բռնեիք. Թունյանը՝ պատգամավորին

Ազգային ժողովում այսօրվա իր ելույթի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը, անդրադառնալով էդմոն Մարուքյանի այն խոսքին, թե խորհրդարանում շահերի բախում կա և խոստանում է աննուններ բացահայտել, ասաց.

«Հույսս մնաց պարոն Մարուքյանը, որ անձնական շահերը բացահայտի, կխնդրեմ՝ իմ շահերն էլ բացահայտի»:

Խոսելով որակի մասին՝ պատգամավորը ասաց, որ դա ամենակարևոր կետերից է, ապա նշեց՝ այսօր խնդիր կա, որ թե´ ներկրվող, թե´ արտադրվող ցեմենտի որակը հստակ ստուգվի. շինարարները մի բան են ասում, արտադրողները՝ մեկ այլ:

Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանին այն խոսքին, որ պետք է տեղական արտադրողը խրախուսվի, ասաց.

«Դուք ի՞նչ հեռախոս ունեք, արտասահմանյա՞ն, թե՞ տեղական: Որ ասում եք՝ տեղական արտադրողը միանշանակ պետք է խրախուսվի, ճիշտ է, բացի «միանշանակ»-ից, որովհետև այդ դեպքում Դուք պետք է «Արմֆոն» բռնեիք: Ես ձեզ համար կճարեմ»:

Նա նշեց՝ եթե տեղական արտադրանքը թեկուզ հարաբերական մրցունակություն ունի, այդ բոլոր հարցերը մանրամասն պետք է քննարկել: Պատգամավորը նաև բարեկամական խորհուրդ տվեց «Բարգավաճ Հայաստան»-ի իր գործընկերներին:

«Որ ասում եք՝ պարոն Ծառուկյանը 50 հազարը իջեցրեց 40 հազարի, դուք անուղղակիորեն նրա կարգավիճակը փոխում եք գործարարի, իսկ գործարարը չի կարող պատգամավորական գործունեությամբ զբաղվել: Խնդրո´ւմ եմ, տենց վատություն մի´ արեք պարոն Ծառուկյանին: Այս ամենի միակ էֆեկտը եղավ, որ բոլորս հասկացանք՝ կլինկերը ինչ է, ես, օրինակ, գիտեի՝ ՀՆԱ-ի դեֆլյատորն ինչ է»,- ասաց նա:

Բաբկեն Թունյանը նաև հավելեց, որ իրենց բոլորի նպատակը նույնն է, դրան հասնելու առաջարկված ճանապարհներն են տարբեր:

«Պարո´ն Մարուքյան, Դուք, որ ներկայացրիք այս ամենը, երեք կողմերի բաժանեցիք՝ կառավարություն-ԱԺ, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», դուրս եկավ, որ բոլորս չգիտեմ ինչով ենք զբաղված, միակ ճիշտ ճանապարհը Դուք գիտեք: Ստացվում է՝ ճիշտ ճանապարհը գիտեք, կխնդրեմ՝ մի տարբերակ բերեք, քննարկենք: Մենք կփորձենք մեր ուժերով այդ ճանապարհը գտնել: Չի կարելի զուտ դեմ լինելու համար դեմ լինել: Ասում ենք՝ այս պահին սա է պետք, որ ոչ մեկը չտուժի, եթե գտնում եք, որ դեմ քվեարկելով ավելի օգուտ է լինելու, դեմ քվեարկեք, ձեր խնդիրն է»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ