fbpx
Իրավական

Բացահայտել են ՀՖՖ-ի և «Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» տնօրինության ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ-ի նախկին նախագահին փաստացի պատկանող մի ընկերության և ֆեդերացիայի «տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» միջև 2013-ից 2018 թվականների ընթացքում կնքվել են ծառայությունների մատցուման պայմանագրեր՝ տարբեր տարիքային խմբերի սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու վերաբերյալ, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Պարզվել է, որ «տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» տնօրինությունը, նախապես պլանավորելով միայն որոշ ուսումնամարզական հավաքների անցկացումը, առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2013-ից 2018 թվականների ընթացքում կազմել, հաստատել և իրենց ստորագրությամբ վավերացրել են ՀՖՖ-ի նախկին նախագահին փաստացի պատկանող ընկերության հետ կնքնված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց հիման վրա հիշյալ ընկերությանը փոխանցվել է ընդհանուր 178 միլիոն 878 հազար դրամ, ինչից հետո մասամբ` թերի, իսկ որոշ դեպքերում էլ ընդհանրապես չմատուցված ծառայությունների վերաբերյալ կազմվել են կատարողական ակտեր, որոնց մեջ ներառվել են նշված գումարների չափով մատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ։

Նշվում է, որ ապօրինությունների արդյունքում` յուրացման եղանակով հափշտակվել է 120 միլիոն 721 հազար դրամ։

Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ