Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել տարածքային վեճի Ռուսաստանի և դաշինքի անդամ երկրի միջև: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք տարածքային վեճեր չունենք ո՛չ Ֆինլանդիայի, ո՛չ Շվեդիայի հետ, մինչդեռ Ուկրաինան կարող էր դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, և այդ ժամանակ Ռուսաստանը տարածքային վեճ կունենար դաշինքի անդամ պետության հետ, ինչը հսկայական ռիսկեր է պարունակում ամբողջ մայրցամաքի համար»,- ասել է նա։
Պատասխանելով ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին հարցին՝ Պեսկովը նշել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի ամրապնդի Եվրոպայում անվտանգության ճարտարապետությունը։ Նրա խոսքերով՝ Մոսկվան ուշադիր հետևում է այդ հարցին։
«Հնարավոր հետևանքների շատ խոր վերլուծության պատճառ կա: Մենք չենք կարծում, ավելի ճիշտ՝ համոզված չենք, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ ինչ-որ կերպ կամրապնդի և կբարելավի անվտանգության ճարտարապետությունը մեր մայրցամաքում»,- ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվան ուշադիր կհետևի, թե ինչ հետևանքներ կունենա ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը գործնական առումով, ՌԴ-ի անվտանգության առումով։
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ Մոսկվան «ուշադրությամբ արձանագրում է» Շվեդիայի իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե այդ երկիրը մտադիր չէ իր տարածքում օտարերկրյա ռազմակայաններ և սպառազինության համակարգեր տեղակայել, եթե միանա դաշինքին։