ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը Լյուքսեմբուրգում մասնակցել է Արևելյան գործընկերության տրանսպորտի հարցերով նախարարական հանդիպմանը: Հանդիպման նպատակն է խթանել տրանսպորտային կապը Եվրոպական միության անդամ պետությունների և Արևելյան գործընկեր երկրների միջև, բարձրացնել սահմանային անցուղիների արդյունավետությունը և ապահովել ճանապարհների անվտանգության բարձր մակարդակ:
Միջոցառման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք առնչվել են տրանսպորտային համագործակցության զարգացման կարևորությանը զբոսաշրջության ոլորտի տեսանկյունից և ապրանքների հուսալի տրանսպորտացիայի ապահովմանը ԵՄ-ի և Արեւելյան գործընկերության երկրների միջև, տրանսպորտային և ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը միտված քայլերի իրականացմանը, ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև տրանսպորտային ցանցերի պլանավորմանը, և այլն:
Նախարարական հանդիպմանը Բագրատ Բադալյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև ֆինանսական աջակցության կարիք ունեցող նոր նախագծեր, որոնք կարող են գրավել ԵՄ ֆինանսական կառույցների ուշադրությունը: Մասնավորապես, անդրադարձել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնամն և բարելավման ծրագրերին, որոնք ընդգրկված են ԵՄ Արևելյան գործընկերության առաջնային նախագծերի ցանկում և ուղղված են արևելյան տարածաշրջանի տրանսպորտային ցանցերը Եվրամիության տրանսպորտային ցանցերի հետ կապելուն: Նախարարի տեղակալը ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4 Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ֆինանսավորման տարբերակները և այդ գործում եվրոպական ֆինանսական կառույցների մասնակցության հնարավորությունները:
Բագրատ Բադալյանն անդրադարձել է նաև Հայաստանում ճանապարհային անվտանգության խնդիրներին ու մարտահրավերներին, ինչպես նաև դրա բարելավման նպատակով ԵՄ ֆինանսական կառույցների կողմից աջակցությունը:
Համաժողովի շրջանակներում Բագրատ Բադալյանը հանդիպել է նաև Ռումինիայի տրանսպորտի նախարար Ալեքսանդրու Ռեզվանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության տարբերակները, ինչպես նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորութունները:
Նախարարական նիստի արդյունքում ԵՄ Արևելյան Գործընկերության երկրների տրանսպորտի նախարարների կողմից ընդունվել «Taking the transport cooperation agenda forward» խորագրով Հռչակագիր:
Միջոցառումը Եվրոպական միության տրանսպորտային կապակցվածության կարևորագույն իրադարձություններից է, որը միավորում է ավելի քան 2500 մասնակիցների՝ Եվրոպական հանձնաժողովի, Արևելյան գործընկերության երկրների տրանսպորտի նախարարների, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների, ինչպես նաև մասնավոր ներդրողների, կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, արդյունաբերության ներկայացուցիչների և փորձագետների, ոլորտային քաղաքականություն մշակողների, կարգավորողների, ներդրողների և այլ շահագրգիռ կողմերի:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։