fbpx
Հասարակություն

Հայաստանն ընտրում է. վաղը մեկնարկում են Հանրայինի հեռուստաբանավեճերը

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների շրջանակում նախաձեռնել է «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճեր, որոնց հրավիրվելու են ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր 26 ուժերի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից:

Հեռուստաբանավեճերը անցկացվելու են երկու խմբով: Հունիսի 8-ի և 11-ի հեռուստաբանավեճերին հրավիրվում են ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների ցուցակների 2-10 համարներից մեկական ներկայացուցիչներ: Խմբերի բաժանման սկզբունքը կատարվել է ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված վիճակահանության:

Հունիսի 16-ին և 17-ին հեռուստաբանավեճերին հրավիրվում են նախընտրական ցուցակները գլխավորող գործիչները: Խմբերն այս դեպքում բաժանվում են ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում կուսակցության գրանցման ամսաթվի:

Թեկնածուները հնարավորություն են ունենալու ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը և դիրքորոշումն առանցքային հարցերի շուրջ:

Հեռուստաբանավեճերը տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնական դահլիճում, որտեղ կառուցվել է Հանրայինի ամենամեծ հեռուստատաղավարը՝ հատուկ նախատեսված 2021 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական բանավեճերի նկարահանումներն իրականացնելու համար:

Նախագծի տեխնիկական աջակցությունն ապահովում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտը:

Նախագծի ֆինանսավորումն իրականացվում է միջազգային դոնոր գործընկերոջ կողմից:

Բանավեճերը կհեռարձակվեն հունիսի 8-ին, 11-ին, 16-ին և 17-ին՝ ժամը 22:00-ին: Հանրայինն առանց տարբերանշանի բաց կապուղի կտրամադրի բոլոր հեռարձակողներին:

Առաջին ալիքն ակնկալում է թեկնածուների ակտիվ ներգրավվածությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ