Բանգլադեշում առնվազն 300 ոստիկան է վիրավորվել Դաքքայում ցուցարարների հետ վերջին 24 ժամվա ընթացքում բախումների ժամանակ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության խոսնակ Ֆարուկ Հոսեյնը:
«Առնվազն 150 ոստիկան հոսպիտալացվել է, ևս 150-ին առաջին օգնություն է ցուցաբերվել», – Հոսեյնի խոսքերը մեջբերում է Firstpost լրատվական պորտալը: Նա հավելել է, որ ոստիկանությունը պայքարում է «հարյուր հազարավոր» ցուցարարների դեմ։
Միաժամանակ կոնֆլիկտային գոտու վերածված Բանգլադեշից փախչում են հնդիկ ուսանողները, որոնք սովորում են այս երկրի համալսարաններում (Բանգլադեշում ուսման վարձը շատ մասնագիտությունների համար ավելի էժան է, քան Հնդկաստանում): Ըստ Indian Express թերթի՝ վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 400 ուսանող Բանգլադեշի տարածքից անցել է հնդկական կողմ՝ վախենալով Դաքքայում և այլ քաղաքներում, որտեղ նրանք սովորում են, անկայուն վիճակից:
Ավելի վաղ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը հայտնել էր, որ ներկայումս Բանգլադեշում մոտ 15 հազար հնդիկ կա, այդ թվում՝ 8,5 հազար ուսանող։