«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները չեն ընդունել ակումբի ղեկավարության առաջարկը, ըստ որի՝ ժամանակավորապես կկրճատվեին աշխատավարձերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակում: Այս մասին հաղորդում է Mirror-ը:
Կատալոնական ակումբի հիմնական նպատակը ֆինանսական կորուստները հնարավոր նվազագույնի հասցնելն էր, ինչը, սակայն, աջակցություն չստացավ ֆուտբոլիստների կողմից:
Անկախ ամեն ինչից՝ իսպանական գրանդի ղեկավարությունը շարունակում է բանակցություններ վարել ակումբի առաջատարների, այդ թվում Լիոնել Մեսսիի, Սերխիո Բուսկետսի և Ժերար Պիկեի հետ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այն, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները չեն միացել այս նախաձեռնությանը, կապված է նրանց և թիմի ղեկավարության միջև դժվար հարաբերությունների հետ:
Ավելի վաղ «Յունիոն Բեռլին» և «Լիդս» ակումբների խաղացողները որոշում են կայացրել ամբողջովին հրաժարվելու աշխատավարձերից կորոնավիրուսային համաճարակի պատճառով: