Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է քննարկում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից առաջարկված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի շուրջ:
Հանդիպումը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը` առողջապահության նախարարության խորհրդատուների և ՀՀ ԱՆ ենթակայության տակ գործող կլինիկական օրդինատուրայի բազա հանդիսացող խոշոր բժշկական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ: Նեղ մասնագետները ներկայացրել են իրենց տեսակետներն օրենքի փոփոխությունների վերաբերյալ: Հիմնական շեշտադրումը դրվել է կլինիկական օրդինատուրայի և ռեզիդենտուրայի գործառույթների առանցքային նշանակություն ունեցող հիմնախնդիրների վրա:
Մասնագետները կարևորել են հետբուհական կրթական ծրագրերի հզորացումը, միջազգային մոտեցումներին համապատասխան ծրագրերի իրականացումը, ռեզիդենտների կարգավիճակի ընդլայնման հնարավորությունը:
Հնչել են կարծիքներ ռեզիդենտուրայի գաղափարի շուրջ, առաջարկվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում ևս անդրադառնալ ռեզիդենտուրայի գործընթացին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։