fbpx
Իրավական

ԲԴԽ խորհրդի նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը և Խորհրդի անդամ Հ. Հովհաննիսյանը մարտի 11-ին հանդիպում են ունեցել Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վինչենցո Դել Մոնակոյի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Խորհրդի նախագահը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից արված քայլերը, դատական համակարգում համալիր բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները, արդյունավետ արդարադատության երաշխավորման ռազմավարական գերակա ուղղությունները: Նշվել է, որ Խորհուրդն այդ համակարգային փոփոխությունների կատարման ուղղությամբ բազմավեկտոր քայլեր է սկսել՝ ունենալով նաև կառավարության աջակցությունը:
Իր խոսքում Գագիկ Հարությունյանը նկատել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության անկախության երաշխավորն է, և Իտալիայի փորձը ևս կարող է օգտակար լինել հատկապես արդյունավետ արդարադատության կազմակերպման, արդարադատության ծախսատարությունը կրճատելու, դատարանների սպասարկման օպտիմալ լուծումների, դատական համակարգի բյուջետային պլանավորման բարեփոխումների առումով:

Դեսպան Ն.Գ. Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել բովանդակային հանդիպման համար և նկատել, որ մշտապես ուշադրություն է դարձնում տարբեր երկրների դատական իշխանությունների միջև հարաբերությունների զարգացմանը: Այսօր այստեղ է նույն այդ նպատակով, քանի որ Հայաստանում իշխանությունները նոր էջ են բացում դատական իշխանության բարեփոխումների համար: Դեսպանի խոսքով՝ ապրիլին նախատեսվում է իտալացի դատավորների այցը Հայաստան, և ծրագրվում է նաև հանդիպում Բարձրագույն դատական խորհրդում:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հանդիպելու նրանց և առարկայական հարցեր քննարկելու:

Հանդիպման ավարտին, ի նշան նաև հարուստ մշակույթ ունեցող երկու երկրների միջև հետագա համագործակցության, դեսպան Վինչենցո Դել Մոնակոն Խորհրդին նվիրել է Վերածննդի դարաշրջանի խոշոր գեղանկարիչ Յակոբո Տինտորետտոյի «Բեռնիի դպրոցը և հռոմեական բարոկկոն» ժողովածուն՝ հայերեն հրատարակությամբ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ