Հաստատվել են օտարերկրացիների և կացության կարգավիճակի բիոմետրիկ քարտերի օրինակները

Հրապարակող՝

Հաստատվել են օտարերկրացիների և կացության կարգավիճակի բիոմետրիկ քարտերի օրինակները

Ամենադիտվածներ

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում էր, որտեղ քննարկվել են Հայաստանի համար նախատեսված նոր կենսաչափական փաստաթղթերի արտադրության և հաստատման գործընթացները։ Այցի ընթացքում Նելլի Դավթյանը հանդիպումներ է ունեցել IN Groupe ընկերության արտադրության ղեկավար Ստանիսլավ Պոսպիշեկի և այլ մասնագետների հետ, ովքեր մասնակցում են նոր փաստաթղթերի մշակմանը։

Նոր փաստաթղթերի հաստատման գործընթացը մտնում է վճռորոշ փուլ, որի նպատակն է ստեղծել ավելի հարմարավետ պայմաններ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձանց և փախստական ճանաչվածների համար։

Ի՞նչ փոփոխություն է սա բերում համակարգում և ի՞նչ հնարավորություններ են բացվում քաղաքացիների ու օտարերկրացիների համար. ներկայացնում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը․

«Փաստաթղթի վերաբերյալ իրավական կարգավորումը միշտ եղել է, սակայն երբևէ շրջանառության մեջ չի դրվել։ Այն նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձանց և փախստական ճանաչվածների համար՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք սահման հատելու անհրաժեշտություն չունենալու դեպքում պարտադրված չլինեն ստանալ անձնագիր կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։ Պետք է նշել, որ կոնվենցիոն անձնագրի տեսք ունեցող ճամփորդական փաստաթղթերը նախատեսված են բացառապես սահմանահատումների համար: Նույնականացման քարտը մատչելի, ճկուն փաստաթուղթ է, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս հանրապետության տարածքում առանց հավելյալ վճարի ունենալ և օգտագործել անձը հաստատող նույնականացման քարտը։

Օտարերկրացիների համար նախատեսվում է նաև փաստաթղթի ևս մեկ նոր տեսակ։ Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դիվանագիտական առաքելություն իրականացնող անձանց, որոնց կրկին կտրամադրվի կենսաչափական փաստաթուղթ։ Այն պատրաստվելու է պոլիկարբոնատից և, սկսած հումքից մինչև անվտանգության բոլոր բաղադրիչները, լիովին համապատասխանելու է միջազգային չափանիշներին»:

Այցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական անձնագրին վերաբերող բոլոր հիմնական փուլերը՝ շապիկից մինչև տվյալների և վիզա էջերի հաստատում, ինչպես նաև «բոլորը մեկում» ինքնասպասարկման համակարգի ներդրման գործընթացը։

Ինչպիսի՞ փոփոխություն է նախատեսվում քաղաքացու համար, որքա՞ն պարզ ու հասանելի է դառնալու գործընթացը, և ի՞նչ նոր մոտեցում է ներդրվելու փաստաթղթերի տրամադրման համակարգում: Պարզաբանում է Նելլի Դավթյանը. «Ավելանում են իրավական ինքնության պաշտպանության շերտերը։ Ստեղծվելու է այնպիսի փաստաթուղթ և այն տրամադրվելու այնպիսի ստանդարտներով ու մեխանիզմներով, որոնց դեպքում փաստաթղթի կեղծման կամ իրավական ինքնության գողության հնարավորությունները կլինեն զրոյին մոտ։ Ներկայումս կիրառվող համակարգը բավականին խոցելի է։

Որպես պետություն՝ շարունակելու ենք պահպանել որոշումների կայացման բացառիկ լիազորությունը, այսինքն՝ պետությունն է որոշում, թե անձին ինչ իրավական կարգավիճակ է տրվում, և տվյալ կարգավիճակի դեպքում ինչ փաստաթուղթ է տրամադրվելու։

Մինչ պետական լիազոր մարմնի կողմից դիմումը չհաստատվի, գործընթացը, թեև արտաքուստ իրականացվում է րոպեների ընթացքում, իրականում կուլիսներում ունի հստակ աշխատող մեխանիզմներ։ Ոլորտի լիազոր մարմինը մինչև «կանաչ լույս» չտա, մասնավոր գործընկերը իրավասու չէ իր գրասենյակում որևէ անձից՝ լինի օտարերկրացի, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հավաքել կենսաչափական տվյալներ կամ տրամադրել որևէ փաստաթուղթ»։

Ամենաթարմ