Էմի Ուայնհաուսի նախկին ամուսինը՝ Բլեյք Ֆիլդեր-Սիվիլը, «We Need to Talk» փոդքաստի շրջանակներում անդրադարձել է երգչուհու մահվանն ու իրենց համատեղ անցյալին։ Տարիներ շարունակ հանրային կարծիքը Ֆիլդեր-Սիվիլին համարել է Ուայնհաուսի կործանման հիմնական մեղավորը՝ պնդելով, որ հենց նա է երգչուհուն ներքաշել թմրամոլության մեջ։
Ֆիլդեր-Սիվիլը հերքել է այն պնդումը, թե ինքը եղել է Ուայնհաուսի «թմրանյութ մատակարարողը»։ Նա ընդունել է, որ ինքը «դերակատարում է ունեցել» իրենց ընդհանուր կախվածության ձևավորման մեջ, սակայն շեշտել է, որ երգչուհին եղել է ինքնուրույն անձնավորություն, որն ինքն է կատարել իր ընտրությունները։ «Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու են մարդիկ կարծում, որ ես ստիպել եմ Էմիին թմրանյութ օգտագործել. դա պարզապես այդպես չէր»,- ասել է նա։
Այժմ 43-ամյա Ֆիլդեր-Սիվիլը, որը հաղթահարել է կախվածությունը, նշել է, որ իր ներկայիս կյանքը՝ առանց թմրանյութերի և առողջ հարաբերություններով, այն է, ինչ ինքը կցանկանար կիսել Էմիի հետ։ Նա հիշել է նաև Ուայնհաուսի մահվան օրը, երբ ինքը գտնվում էր բանտում և լուրը ստացել էր պահակներից, ինչը նա որակել է որպես իր «ամենավատ մղձավանջը»։

