ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդենսը առաջարկել է չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։
Էրդողանը պետք է ԱՄՆ այցելի նոյեմբերի 13-ին՝ Թրամփի հրավերով, սակայն նախօրեին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ այցի նպատակահարմարությունը դեռ քննարկվում է և այն կարող է չեղարկվել։ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատումով պայմանավորված այս և նմանատիպ զարգացումների ֆոնին Մենենդեսն առաջարկել է Թրամփին՝ չեղարկել հրավերը։
«Թրամփի և Էրդողանի՝ օվալաձև սրահում արված լուսանկարը ոչ միայն կխանգարի քրդերին խաղաղ և անվտանգ ապրել, այլև ապագայի հնարավոր պատերազմների ժամանակ կնվազեցնի դաշնակիցների վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ։
Նախագահ Թրամփ, ես պնդում եմ, որ չեղարկեք այս հրավերը։ Մի վնասեք սեփական համբավին։ Ժամանակն է՝ ցույց տալու Էրդողանին, որ նա պետք է ենթարկվի ՆԱՏՕ-ի արժեքներին և հարգանք ցուցաբերի միջազգային օրենքների նկատմամբ», – հայտարարել է Մենենդեսը։
Հավելենք, սակայն, որ ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, ինչից հետո Էրդողանը հայտարարել է, որ նոյեմբերի 13-ին նախատեսված այցը ԱՄՆ կկայանա։