Այսօր լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց ուղղեցին վարչապետի հայտարարության վերաբերյալ, որ Արցախի հարցով բանակցությունները նոր կետից է սկսում:
«Մտահոգիչ չէ՞ դա»,- հետաքրքրվեցին նախարարից:
Տոնոյանն արձագանքեց.
«Ուզում եք՝ մի թարս կամ սխալ բան ասե՞մ: ՀՀ վարչապետը որոշումներ է կայացնում: Նա բանակցությունների, արտաքին քաղաքականության համար պատասխանատու է, բանակցություններ է վարում: Դուք ուզում եք՝ պաշտպանության նախարարը մեկնաբանությո՞ւն անի այդ ոլորտում»:
Տոնոյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու պաշտոնից ազատմանը: Հարցին՝ նախարարին չի՞ անհանգստացնում, որ նման կադրերը հրաժարական են տալիս:
«Ամեն ինչին իր ժամանակը կա: Դա կատարվում է ժամանակի, պայմանների ու կարիքների պատճառով: Այսինքն՝ ես խնդիր չեմ տեսնում, բոլորը հավերժ չեն: Ծառայություն է, ի վերջո: Իրենք մեզ հետ մնում են և շարունակում: Եթե անհրաժեշտություն լինի, իրենք շարք են կանգնելու, բոլորը»,- ասաց նա:
Նախարարին հիշեցրին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդից թալանվածը վերադարձվելու է և հատկացվելու է զինված ուժերին:
«Շատ ուրախ կլինենք, որ այդպես լինի»,- ասաց Տոնոյանը: