Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի հնարավոր բացման հարցը շարունակում է մնալ քննարկման կենտրոնում։ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այսօր, հունվարի 19-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, իսկ հայկական կողմը՝ Մարգարայի։ Նա ընդգծեց, որ դեռևս 2022 թվականից կողմերի միջև պայմանավորվածություն կա, ըստ որի երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար սահմանը պետք է բացվի։ “Մենք ցանկանում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերություններ,” – ասաց Ռուբինյանը։
Ռուբինյանը նաև անդրադարձավ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, որ 2026-ի սկզբին Հայաստանի հետ հարաբերություններում խորհրդանշական քայլեր կձեռնարկվեն։ “Ես չեմ ուզում այս թեմայով շատ բան ասել, բայց մեր դիրքորոշումը մշտապես եղել է, որ մենք ցանկանում ենք բաց սահմաններ,” – նշեց նա։ Նա ընդգծեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան գործընթացը տարբեր են, սակայն կարող են փոխազդել միմյանց վրա։ “Մենք կարծում ենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի Հայաստան-Ադրբեջան գործընթացին, այլ նաև կօգնի,” – հավելեց նա։

