Կիպրոսի ոստիկանությունը հայտնել է ռուսաստանցի գործարար Վլադիսլավ Բաումգերտների՝ «Ուրալկալի»-ի նախկին ղեկավարի անհետացման մասին, գրում է Meduza-ն։ Բաումգերտները կապի դուրս չի գալիս հունվարի 7-ից։ Վերջին անգամ նրան տեսել են Լիմասոլում գտնվող իր բնակարանից դուրս գալիս։ Նրա գործընկերը հայտնել է, որ Բաումգերտները իր բազմաթիվ հեռախոսազանգերին չի պատասխանել։
Հունվարի 10-ին մասնագիտացված խմբերը որոնումներ են անցկացրել Պիսուրի գյուղի մոտակայքում գտնվող տեղանքում: Բաումգերտների բջջային կապի ազդանշանը վերջին անգամ արձանագրվել է այնտեղ՝ զառիթափ, ժայռոտ ափամերձ գծում: Հունվարի 11-ին որոնողական գործողություններն ընդլայնվել են՝ ներառելով նաև ինքնաթիռներ, սակայն դրանք դադարեցվել են մոտեցող փոթորկի պատճառով։
53-ամյա Բաումգերտները ղեկավարել է «Ուրալկալի»-ն 2003-ից 2013 թվականներին՝ սկզբում որպես առևտրային տնօրեն, ապա՝ գործադիր տնօրեն։ 2013 թվականի օգոստոսին նա ձերբակալվել է Մինսկում, որտեղ նա ժամանել էր այն ժամանակվա վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ կալիումի վաճառքի վերաբերյալ բանակցությունների։ Այնուհետև նա տեղափոխվել էր Մոսկվա, որտեղ նրա դեմ հարուցվել էր քրեական գործ, սակայն այն կարճվել էր 2015 թվականին՝ ապացույցների բացակայության հիմքով։ Հետագայում Բաումգերտները վերադարձել էր բիզնեսին և դարձել «Global Ports» նավահանգստային ընկերության գործադիր տնօրեն։ Վերջին տարիներին նա բնակվում էր Կիպրոսում։

