Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.
– Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
– Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
– Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:
Դահլիճը թնդաց ծափերից…
Եղիշե Չարենց. հուշեր
By
Posted on