Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով ձևավորվող ՏԻՄ իշխանություններ: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք սահմանադրական փոփոխությունների ժամանակ իշխանությունը կքննարկի սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու հարցը:
Նա ընդգծեց, որ այսօր այդպիսի բան չկա։
«Եթե դուք ձևակերպեք, թե ինչ նկատի ունեք սուպերվարչապետական համակարգ ասելով… Մենք ունեինք ընդդիմություն սուպերվարչապետական համակարգում, որ իր լիազորություններով, գործառույթներով բավականաչափ սահմանափակ էր: Ես երբևէ չեմ հիշում, որ ընդդիմությունը ՀՀ նորանկախ պատմության մեջ լինի այնքան ուժեղ, որքան այսօր է: Առանձին գերատեսչությունների առումով մենք ունենք թեկնածուներ, որոնց առաջադրում է հենց ընդդիմությունը, ինչը նախկինում չի եղել»,-նշեց նա։
Մակունցը պարզաբանեց, որ ամենօրյա աշխատանքով փորձում են հնարավորինս բալանսավորել իշխանությունը և տալ բավականաչափ լիազորություններ ընդդիմությանը, ինչը արվել է նախորդ տարվա ընթացքում։
Նա որպես օրինակ բերեց այն, որ Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահն ընտրվել է ընդդիմության թեկնածուն, ինչը նախկինում երբեք չէր կարող տեղի ունենալ։
«Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ իշխանությունը, կառավարությունը բացարձակապես շահագրգռված չէ ունենալ որևէ ազդեցություն ոչ միայն հակակոռուպցիոն մարմնի նկատմամբ, այլ բոլոր այն մարմինների առնչությամբ, որոնք այսօր արդարադատության առումով կայացնում են որոշում: Սա է մեր սկզբունքը»,-հավելեց նա։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է իր հագից հանել Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը։
«Ես այդ հարցին չեմ անդրադառնա, որովհետև սուպերվարչապետության հարցին արդեն անդրադարձա»,-ասաց Մակունցը:

