Չիլիի Խորհրդարանի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը ցեղասպանություն է ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները։
Հարավամերիկյան երկրի խորհրդարանում նախօրեին ընդունված բանաձևի դեմ Թուրքիան այսօր բողոքել է՝ հայտարարելով, թե այն «ուժ չունի»։
«Խորհրդարաններն իրավասու չեն մեկնաբանելու պատմության մեջ տեղի ունեցած իրադարձությունները և դրանց վերաբերյալ դատողություններ անել», – Anadolu գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը, պնդելով, թե բանաձևը նաև հակասում է ցեղասպանությունների կանխարգելման և պատժելու մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիային։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից։
Աշխարհի շուրջ երեք տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։