Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է հինգ երիտասարդի, որոնք կասկածվում են ցույցերի ժամանակ Չինաստանի պետական դրոշները ծովը նետելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Նշվում է, որ ձերբակալվածների թվում են 20-22 տարեկան 1 աղջիկ և 4 երիտասարդ: Կասկածյալները ձերբակալվել են օգոստոսի 14-ին և 15-ին:
Ոստիկանությունը հետաքննության ընթացքում առգրավել է նաև նրանց համակարգիչները և բջջային հեռախոսները:
Որոշ ցուցարարներ օգոստոսի 4-ին և 5-ին երկու շրջաններում դրոշակաձողերից հանել էին Չինաստանի պետական դրոշը և նետել ծովը:
Օրենսդրության համաձայն՝ պետական դրոշն ու զինանշանը պղծելու համար իրավախախտներին կարող է սպառնալ մինչև երեք տարվա ազատազրկում:
Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում ծնված դերասան Ջեկի Չանը միացել էր չինական CCTV հեռարձակողի «հայրենասիրական արշավին», որը մարդկանց մեջ իրենց սեփական դրոշը սիրելու նախաձեռնությամբ է հանդես գալիս:
Բացատրելով, թե ինչու է նա այդքան ոգևորությամբ վերաբերում նախաձեռնությանը, դերասանն ասել էր. «Ես նույնպես դրոշի պահապաններից մեկն եմ: Նման քարոզարշավի մասնակցելու միջոցով հույս ունեմ արտահայտել մեր հավաքական ձայնը»:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին:

