Չինաստանը նախազգուշացրել է, որ «ահաբեկումը» սպառնում է միջազգային կարգին

Չինաստանը նախազգուշացրել է, որ հովանավորչությունը և «ահաբեկումը» սպառնում են միջազգային կարգին։ Նախագահ Սի Ցզինպինը մի շարք հանդիպումներ է ունեցել G20-ի գագաթաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների նախօրեին: Այս մասին տեղեկացնում է AFP-ն։

Սի Ցզինպինը հանդիպել է աֆրիկացի երեք գործընկերների հետ ուրբաթ առավոտյան, G20-ի կուլուարներում, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի, աշխարհաքաղաքական լարվածության և կլիմայի փոփոխության շուրջ տարակարծությունների ֆոնին։

«Բոլոր ղեկավարներն ընդգծել են, որ միակողմանի գործողությունները, հովանավորչությունը և «ահաբեկման» գործելակերպը խորանում են, ստեղծում լուրջ սպառնալիքներ տնտեսական գոլաբալացման և միջազգային կարգի համար, ինչպես նաև լուրջ մարտահրավերներ են զարգացող երկրների արտաքին միջավայրի առումով»,- լրագրողներին ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դայ Բինգը։

Նրա խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամափհոսան, Եգիպտոսի նախագահ Ֆաթահ աս Սիսին և Սենեգալի նախագահ Մակի Սալը։

 

Ամենաթարմ