fbpx
Աշխարհ

Չինաստանը պատրաստվում է Ռուսաստանին հարձակողական անօդաչու սարքեր մատակարարել․ Bloomberg

Չինական ընկերությունները Ռուսաստանի համար մշակում են հարձակողական անօդաչու թռչող սարք, որը նման է իրանական Shahed-ին․ այն ռուս զինվորականներն օգտագործում են Ուկրաինայի տարածքի վրա հարձակվելու համար, Bloomberg-ին հայտնել են խնդրին ծանոթ եվրոպացի պաշտոնյաները։

Նրանց խոսքով՝ դեռ 2023 թվականին ռուսական ընկերությունները համագործակցության շուրջ բանակցություններ են վարել չինացի գործընկերների հետ և առաջարկել ստեղծել իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքի կրկնօրինակը։ Նախագծումը սկսվել է Չինաստանում այս տարի։ Գործակալության զրուցակիցները նշել են, որ ներկայումս անօդաչու սարքը փորձարկվում է մինչև Ռուսաստան ուղարկելը։ Միաժամանակ նրանք պարզաբանել են, որ չինական անօդաչու սարքերը դեռ չեն կիրառվել Ուկրաինայում։

Bloomberg-ի աղբյուրները չեն բացահայտել անօդաչու թռչող սարքը, սակայն չինական պաշտպանական կայքերը հաղորդում են երկրում կամիկաձե հարձակողական անօդաչու թռչող սարքի մշակման մասին, որը կոչվում է Sunflower 200։ Այն իր տեսքով նման է իրանական Shahed 136 անօդաչուին:

Ինչպես նշել են եվրոպացի պաշտոնյաները, Չինաստանը կանցնի «կարմիր գիծը», եթե Ռուսաստանին տրամադրի անօդաչու թռչող սարքեր՝ Ուկրաինային հարվածելու համար։ Գործակալության աղբյուրներից մեկի համաձայն՝ Պեկինը ներկայումս քննարկում է պատրաստի անօդաչու թռչող սարքեր ուղարկել Ռուսաստան, թե՞ մատակարարել բաղադրիչներ, որոնցից կարելի է հավաքել այդ դրոնները։

Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ Չինաստանը Ռուսաստանին է փոխանցում ռազմական նպատակներով արբանյակային պատկերներ, միկրոէլեկտրոնիկա և տանկեր պատրաստելու մեքենաներ, ինչպես նաև մի շարք տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են զենքի մեջ կամ անհրաժեշտ են դրանց արտադրության համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ