fbpx
Իրավական

Ճանապարհը փակել է, վերջում էլ զենք է պահել վրաները․ Ցոլակյանը՝ դատավորի մասնակցությամբ միջադեպի մասին

Ճանապարհ չեն տվել, ճանապարհը փակել է, վերջում էլ զենք է պահել վրաները: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ մեկնաբանելով Կոտայքի մարզում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպը վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանըի մասնակցությամբ:

«Մեր հրշեջները 4 մեքենայով եկել են կանչի: Մեքենա է եղել դիմացից գնացող, իրենք միացրել են ազդանշանային համակարգը, որ ճանապարհ տա: Ճանապարհ չեն տվել․ ճանապարհը փակել է, վերջում էլ զենք է պահել վրաները»,-ասել է նախարարը։

Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ ինքը չգիտեր, թե այդ մարդն ով էր, դատավոր էր, թե ինչ:

«Երբ տվեցի մեքենայի համարը, մեր ճգնաժամային կենտրոն ներկայացրին տեղեկությունը, ես անմիջապես ասացի՝ տվեք ոստիկանություն, և ոստիկանությունը զբաղվում է դրանով»:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16։10-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 14։38-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած՝ «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա։

Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Կոտայքի բաժին, ովքեր պարզել են, որ «Առինջ մոլ» մտնող՝ Բալահովիտ գյուղ հրդեհի ահազանգով մեկնած հրշեջ խմբին ազդանշան տալու համար կանգնեցրել է Mazda մակնիշի ավտոմեքենան, և վարորդն ատրճանակով սպառնացել է, որ «սաղին կսպանի»։

Կոտայքի բաժնի ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակչուհի Ն. Ք-ին, և մինչ ոստիկանները կհայտնաբերեին ավտոմեքենան, ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա Արթուր Ավագյանը և հայտնել, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը և այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որևէ մեկի վրա այն չի ուղղել և ոչ մեկի չի սպառնացել։

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Արթուր Ավագյանն աշխատում է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավոր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ