Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում պայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ներկայումս կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ փետրվարի 5-ին Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել պայմանագրային զինծառայող։ Կայքի տեղեկություններով, տուժածը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ.-ն է։

