Կեսօրին Գյումրիում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ուղղված այնտեղ տեղակայված ռուսական բազային։ Այս ակցիայի նպատակն էր հիշեցնել 4 տարի առաջ բազայի զինծառայողներից մեկի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության, ինչպես նաև 2018 թվականի դեկտեմբերին նույն բազայի զինծառայողի կողմից Գյումրիում իրականացված մեկ այլ սպանության մասին։
«Բազա՛, ձեր գազաններին պահեք վանդակներում։ Մենք դրանց համար պատասխանատու չենք»․ ցույցի կազմակերպիչներից Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն ասաց, որ ռուսական բազային ուղղված նման կոչով թռուցիկներ են պատրաստել, որոնք էլ հենց ամրացրին ռազմաբազայի տարածքի մոտ տեղադրված ցանկապատերին։
Բարսեղյանը տեղեկացրեց, որ մյուս թռուցիկի վրա էլ պահանջներ են Հայաստանի և Ռուսաստանի իշխանություններին՝ դեկտեմբերին Գյումրիում սպանության համար մեղադրվող զինծառայողին հանձնել Հայաստանին, Գյումրիում հայկական կողմից հատուկ պահպանության տակ առնել ու տեսահսկում իրականացնել ռազմաբազայի տարածքներում՝ ամբողջ շրջագծով։