«Վայանու» արեւադարձային ցիկլոնը կիրակի օրը հասել է Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզի՝ բերելով ավերիչ քամիներ, որոնց արագությունը գերազանցում է ժամում 130 կմ-ը, եւ հորդառատ տեղումներ։ MetService ազգային օդերեւութաբանական ծառայությունը համակարգը որակել է որպես «կյանքի համար վտանգավոր»։ Արտակարգ դրություն է հայտարարվել Վայկատո, Նորթլենդ եւ Բեյ օֆ Փլենթի շրջաններում։
Արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը հայտնել է, որ չնայած ցիկլոնի ուղեգիծը փոքր-ինչ շեղվել է դեպի արեւելք՝ փրկելով Օքլենդը ամենավատ սցենարից, վտանգը դեռեւս պահպանվում է։ Մոտ 5000 տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, իսկ Ուակատանե շրջանում իրականացվել է 270 տնատիրության պարտադիր տարհանում։ Air New Zealand ավիաընկերությունը չեղարկել է ավելի քան 90 չվերթ։ Իշխանությունները նախազգուշացնում են, որ ցիկլոնի հետեւանքով առկա է ջրհեղեղների, հողային սողանքների եւ ափամերձ տարածքների ողողման վտանգ, իսկ իրավիճակի բարելավում սպասվում է միայն կիրակի երեկոյան՝ Հոքս Բեյի ուղղությամբ ցիկլոնի հեռանալուց հետո։

