Դանիական Եկեղեցիների Խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ արտահայտում է իր մտահոգությունը Հայաստանում ընթացող իրավիճակի վերաբերյալ, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու մի քանի եպիսկոպոսների կալանավորման կապակցությամբ։ Խորհուրդը նշում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին հանդիսանում է հայ մշակույթի և պատմության առանցքային սյուներից մեկը, և նրա գործունեությունը պետք է իրականացվի օրենքի շրջանակներում՝ հարգելով կրոնի ազատությունը։
Հայտարարությունում ընդգծվում է, որ Հայաստանում մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ մտքի, խղճի և կրոնի ազատությունները, գտնվում են վտանգի տակ։ Դանիական Եկեղեցիների Խորհուրդը կոչ է անում Հայաստանի իշխանություններին պահպանել բազմադարյա քրիստոնեական ավանդույթը և ապահովել, որ երկխոսությունը, իրավական վստահությունը և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքը շարունակեն մնալ հայկական հասարակության ուղենիշ արժեքներ։
Դանիական եկեղեցիների ներկայացուցիչները նաև նշում են, որ ուշադիր հետևում են կալանավորված եպիսկոպոսների դատական գործերին և կոչ են անում, որ ցանկացած իրավական գործընթաց իրականացվի իրավունքի գերակայության և կրոնի ազատության սկզբունքների լիակատար հարգմամբ։

