Դատաիրավական բարեփոխումներն անվերջ գործընթաց են, և այդ համակարգն անընդհատ պետք է կատարելագործվի: Այս մասին այսօր Դատական օրենսգրքում փոփոխությունների թեմայով ԱԺ լսումների ժամանակ այսօր ասաց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Նա նշեց, որ պետք է համատեղ ջանքերով մասնակցեն օրենսդրության մշակմանը, որը արտացոլելու է հասարակության բանականության ձայնը, որը համապատասխանում է հասարակության ակնկալիքներին:
«Դատաիրավական բարեփոխումները նոր Հայաստանի զարգացման կարևորագույն հանգրվաններից մեկն են: Դատական իշխանությունն իրավական պետության ստեղծման, կայացման հիմքն է, առանց դատական իշխանության մենք չենք կարող երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը»,-ասաց նա:
Վլադիմիր Վարդանյանը համաձայնեց, որ դատական համակարգում ունենք համակարգային խնդիրներ։
«Դատավորների աշխատանքը տաժանակիր է, սակայն պետք է ասել, որ դատական համակարգում անբասիր դատավորները մեծ մաս են կազմում: Նապոլեոն Բոնապարտն ասել է՝ դատավորները հանրային կարգի պահապաններն են։ Եվ իսկապես, նրանք պետք է արժանանան ամենալայն վստահության, բայց նաև պարտավոր են ամեն օր իրականացել օրենքի վրա հիմնված արդարադատություն»,-ասաց նա:
Վլադիմիր Վարդանյանը ընդգծեց, որ ՀՀ-ի համար ժողովրդավարությունը այլընտրանք չունի:
«Իսկ ժողովրդավարություն առանց իրավական պետության պատկերացնել հնարավոր չէ, իրավական պետություն առանց իրավունքի գերակայության պատկերացնել անհնար է»,-հավելեց նա: