fbpx
Իրավական

Դատապարտյալի բաց նամակը Արթուր Ասատրյանին

Դատապարտյալ Հակոբ Հովհաննիսյանի հարազատներից մեկը Azat TV մեդիանախաձեռնության Facebook-ի էջին է փոխանցել Հակոբ Հովհաննիսյանի բաց նամակը՝ ուղղված «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին: Մեզ չհաջողվեց կապ հաստատել Հակոբ Հովհաննիսյանի հետ նամակի իսկությունը ստուգելու համար, սակայն, ինչպես տեղեկացանք Datalex.am դատական տեղեկատվական համակարգից, Հակոբ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում նախնական համաձայնությամբ 2017 թվականի փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը կատարել է ուրիշի գույքի երկու բացահայտ հափշտակություն (Դատական գործի համար՝ ԵԱՔԴ/0117/01/17):

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ես դատապարտյալ Հակոբ Հովհաննիսյանն եմ, գտնվում եմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ցանկանում եմ բաց նամակ ուղարկել Արթուր Ասատրյանին՝ հանրությանը առավել հայտնի «Դոն Պիպոյին»:

Երբ 2018 թվականի ապրիլին «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից իմ խուց տեղափոխեցին Արկադի Հրաչիկի Քոչինյանին, և ես տեսա նրա մարմնի վրա առկա կտրած, ծակած վերքերը, հարց տվեցի իրեն՝ դու տուժո՞ղ ես, թե՞ մեղադրյալ: Նա պատմեց, որ երեք օր պահվել և տանջանքների է ենթարկվել քո կողմից, սակայն իրեն ձերբակալելու որոշում է կայացվել քո դեմ մահափորձ կատարելու հիմքով: Ի սկզբանե, երևում էր, որ կատարվածը շինծու է, քանի որ դու նոր էիր վերադարձել Հայաստան, և ամեն կերպ փորձում էիր հանրությանը տեղեկացնել քո մասին: Դրանում ավելի համոզվեցի, երբ ընկերոջս փորձում էին տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ, սակայն իմ և ընկերոջս՝ Ա Քոչինյանի ջանքերի շնորհիվ դա չհաջողվեց թե՛ պատվիրատուին և թե՛ կատարողներին: Դրա կանխման համար ես անձամբ դիմել եմ ինքնավնասման, քանի որ ես վստահ էի, որ դու, ինչպես երեք օրերի ընթացքում, այնպես էլ «Արմավիր» ՔԿՀ-ում կարող ես նրա վրա ազդեցություն ունենալ:

Ես մեկ տարի շարունակ լռել եմ՝ մտածելով, որ ներկայիս իշխանությունները կբացահայտեն կատարվածը, բայց մինչ օրս ես ոչ մի փոփոխություն չեմ տեսնում, հակառակը՝ նրանք բեմականացումը կազմակերպողներին թողած փնտրում են, իբրև, այն անձին, ով քո դեմ մահափորձ է պատվիրել: Ես, լինելով կալանավոր, շատ լավ եմ հասկանում այն ապրումները, որոնք զգում է ընկերս, հատկապես այն պարագայում, երբ պահվում է «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում, ունի տարեց ծնողներ և անչափահաս երեխաներ: Ես այս պահին նամակագրության միջոցով կապի մեջ եմ ընկերոջս հետ, իսկ կարճատև զանգերի միջոցով նրա ընտանիքի հետ: Տեսնելով այս ամենը՝ ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա պատրաստ եմ ընկերոջս ազատության և արդարության համար արյուն տալ:

Դու կալանքի տակ շատ կարճ ժամանակ ես եղել, այդ իսկ պատճառով չես կարող զգալ այն ամենը, ինչ մենք ենք զգում՝ կալանավորներս: Եթե դու համոզված ես, որ ինչ-որ մեկին ձեռնտու է եղել քո մահը և այդ մասին հայտնել ես Ազգային Անվտանգությանը, ապա այս տարիների ընթացքում նման մասնագիտացված ծառայությունը ո՞նց չի կարողանում գտնել X անձին, ով իբրև պատվիրել է քո դեմ ուղված, բայց չկայացած մահափորձը. քանի որ չկա նման մարդ, և բոլոր նրանք, ում անունները շահարկվում են: Դրանք բոլորը վարկածներ են, հակառակ պարագայում նրանք վաղուց ի հայտ կգային, քանի որ ԱԱԾ-ի նման ուժեղացված ծառայությունը ունի բոլոր հնարավորությունները որևէ կապող օղակ գտնելու համար:

Եվ բացի այդ ամենը, ոնց որ հանրությանը ներկայացնում ես քո կատարած բարեգործությունների մասին, ներկայացրու նաև այն մասին, թե ինչպես ես երեք ընտանիքի տեր անձանց հասցրել տուժողի կարգավիճակի և անմեղ մարդկանց զրկել ազատությունից: Եթե քո կարծիքով եղել է նման բան, ապա թող ապացուցվի և անիմաստ պատճառներով թող չհետաձգվեն դատական նիստերը, թող մեղավորները պատասխան տան, իսկ անմեղները հասնեն իրենց ընտանիքներին»:

Ներկայացնում ենք նաև նամակի ձեռագիր տարբերակը:

 

Տեղեկացնենք նաև, որ Datalex դատական տեղեկատվական համակարգից պարզեցինք, որ նամակում նշված Արկադի Քոչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձի դրդչությամբ Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, վերջինիս կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, շահադիտական դրդումներով մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի և Արտակ Այվազյանի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գևորգ Մելիքյանին և Անդրանիկ Սողոյանին, ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերվել, փոխադրվել ու պահվել հրազեն և ռազմամթերք (Դատական գործի համար՝ ԵԴ/0328/01/18)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ