Ընդհանուր առմամբ, նման հանդիպումները միշտ էլ կարևորել ենք, որովհետև այդ հանդիպումների միջոցով առաջին հերթին պաշտպանվում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը և ապահովում է բանակցային գործընթացի շարունակականությունը: Անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը` ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ նման հանդիպումները պետք է լինեն շարունակական:
Ըստ մամուլի խոսնակի՝ համապարփակ կարգավորման առաջընթաց ապահովելու համար պետք է անպայման առաջին հերթին պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ վերականգնել բանակցային լիարժեք ձևաչափը և շարունակել շեշտը դնել խաղաղության ու կայունության պահպանման գործի վրա:
Խոսելով հումանիտար ոլորտում հետագա երկկողմ համագործակցության մասին՝ Դ. Բաբայանը մասնավորապես ասել է. «Պաշտոնական Ստեփանակերտը ժամանակին առաջարկել է համագործակցության մի շարք քայլեր: Օրինակ՝ մոտ 10 տարի առաջ մենք առաջարկել ենք, որ զինադադարի խախտումները հատուկ ընդգծված ձևով տեղի չունենան տոն օրերին՝ ազգային, միջազգային, կրոնական և այլն. դրանք իրենց մեջ ներառում են մարդասիրական մոտեցումներ: Նաև ժամանակին մենք առաջարկել ենք հումանիտար ոլորտում տնտեսական նախագծեր իրականացնել, այն ևս մերժվել է Ադրբեջանի կողմից: Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո այլընտրանքային ոչ պաշտոնական խողովակը նույնպես փակվել է: Եթե նախկինում՝ մինչև 2008 թվականը, եղել է եռակողմ հանդիպումներ, ապա նրա իշխանության գալուց անմիջապես հետո այն դադարեցվել է: Այս ուղղությամբ մենք պետք է շատ աշխատանքներ տանենք»:
Հիշեցնենք, որ երեկ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը։ Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում: