«Breaking Bad» հանրահայտ հեռուստասերիալի երկրպագուները սպասված նորություն են ստացել։ Հենք Շրեյդերի դերակատար Դին Նորիսը հայտարարել է, որ աշխատում է «Do What You’re Gonna Do: The Definitive Oral History of Breaking Bad» վերնագրով գրքի վրա, որը լույս կտեսնի 2026 թվականի նոյեմբերի 3-ին։
Հակառակ սպասումներին՝ նախագիծը հերթական սպին-օֆֆը կամ ֆիլմը չէ, այլ սերիալի ստեղծման պատմությունը ներկայացնող բանավոր ժողովածու։ Գրքի անվանումը հղում է հանդիսանում Հենք Շրեյդերի հայտնի վերջին խոսքերին, որոնք նա արտասանել է «Ozymandias» սերիայում։ Դին Նորիսը գիրքը գրել է Ջո Լեյդենի հետ համատեղ։ Այն ներառելու է բացառիկ հարցազրույցներ, երբեք չհրապարակված պատմություններ և ստեղծագործական խմբի ու դերասանների հուշերը, որոնք հնարավորություն կտան երկրպագուներին ծանոթանալ սերիալի ստեղծման դժվարին ու հետաքրքիր գործընթացին՝ սցենարային սենյակից մինչև նկարահանման հրապարակ։
«Breaking Bad»-ը, որը հեռարձակվել է 2008-2013 թվականներին, համարվում է հեռուստատեսային պատմության ամենանշանակալի նախագծերից մեկը՝ արժանանալով 64 «Էմմի» և 7 «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Այս գիրքը նպատակ ունի պահպանել սերիալի ժառանգությունը և դառնալ նրա պատմության վերջնական ու ամփոփիչ աղբյուրը՝ ֆիքսելով այն բոլոր մանրամասները, որոնք սերիալը դարձրել են համաշխարհային երևույթ։

