fbpx
Իրավական

Արցախցիների համար դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների եռատոն է․ Բեգլարյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ուղերձ է հղել՝ մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ։

«Դեկտեմբերի 10-ին աշխարհը տոնում է մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ Արցախի Հանրապետությունը՝ նաև անկախության ու սահմանադրական հանրաքվեների օրերը: Դա նշանակում է, որ Արցախի բնակիչների համար դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների եռատոն է՝ հենված համամարդկային ու ազգային արժեհամակարգի ու երազանքների վրա:

2020 թվականի դեկտեմբերի 10-ը Արցախը դիմավորում է ծանրագույն մարտահրավերների առկայության պայմաններում՝ ուղղված նաև մարդու իրավունքների պաշտպանության դեմ: 44 օր շարունակ աշխարհը փաստացի միջազգային անտարբերության ու անգործության պայմաններում ականատես եղավ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի և ահաբեկչական խմբավորումների կողմից Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների իրավունքների զանգվածային ու կոպիտ ոտնահարումներին: 44 օր շարունակ յուրաքանչյուր օր միջազգային հանրության անտարբերության և թողտվության հետևանքով մարում էր հայ ժողովրդի հավատը՝ մարդու իրավունքների համընդհանրության և հավասարության նկատմամբ: 44 օր շարունակ հայ ժողովրդի անվտանգության ու իրավունքների միակ երաշխավորը հայ զինվորն էր, այլ ոչ թե մարդու իրավունքների համընդհանրություն հռչակող միջազգային հանրությունը:

Եվ չնայած կրած մեծագույն մարդկային ու տարածքային կորուստների՝ Արցախը շարունակելու է պայքարը իր իրավունքների ճանաչման և պաշտպանության համար: Պայքարը դրսևորվելու է նախևառաջ հայկական պետականության սահմանների, թիկունքի ու ինստիտուտների ամրացմամբ: Մենք շարունակելու ենք պայքարը մեր երեխաների մեջ սեփական ներուժի ու մարդու իրավունքների նկատմամբ հավատ և հարգանք սերմանելու միջոցով: Արցախը պայքարը շարունակելու է միջազգային հանրությանը իրականությունը ներկայացնելու, աչքերը բացելու և գործողությունների մղելու միջոցով:

Մենք ուղղակի պարտավոր ենք շարունակել մեր պայքարը հանուն մեր իսկ իրավունքների ու ազատությունների, հանուն մեր արժանապատիվ կյանքի և հանուն մարդու իրավունքների համընդհանրության իրական ապահովման ողջ աշխարհում: Եվ մեր ջանքերը պետք է ուղղված լինեն առաջին հերթին մեր պետության ներսում և բոլորիս կողքին ու մեջ մարդու իրավունքների պաշտպանության բարձր մշակույթի արմատավորմանն ու պահպանմանը, ինչն անհրաժեշտ պայման է Արցախի անկախության ու սահմանադրական կարգի հիմնարար արժեքների ու սկզբունքների պատշաճ իրացման համար:

Խաղաղություն, ամրություն ու հավատ բոլորիս օջախներին»:

https://www.facebook.com/ArtsakhOmbuds/posts/1740516049448883?__cft__%5B0%5D=AZWsuHGuQ2nV4LazxumfeG-0MQig9cmzYxTPSCTYFcAssXdCvXRXsUJOWuFmtyCpGn5lxRdnvICpxBa6miR6vr9BT7HODv89DQi06k52PsIodLONP79LJoL2yu9cBFrL2VH-pcg8yDCFEZs0EOqizibG&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ