Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Սեն Լազար կայարանի տարածքում հավաքված ցուցարարներին ցրելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալության թղթակիցը:
Այսօր ավելի վաղ Մադլեն հրապարակի շրջանում սկսվել է «Դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցների հերթական չարտոնված բողոքի ակցիան: Ոստիկանությունը սկսել է մարդկանց դուրս մղել հրապարակից Սեն Լազար կայարանի ուղղությամբ, ակցիայի մասնակիցները վեճի են բռնվել ոստիկանության հետ:
Հաղորդվում է, որ ցուցարարները մտել են կայարանի շենք, որտեղ մի քանի բախում է տեղի ունեցել ոստիկանության հետ:
Կայարանից դուրս գալիս ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ:
Ինչպես հայտնում է FMTV հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով, իրավապահ մարմիններն արդեն բերման են ենթարկել 30 մարդու:
«Դեղին բաճկոնների» լայնամասշտաբ բողոքի ցույցերը Ֆրանսիայում սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ից, որի մասնակիցները պահանջել են չբարձրացնել բենզինի գներն ու վառելիքի համար հարկերը: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն Ֆրանսիայի իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությունից դժգոհ շարժման մասնակիցները շարունակում են փողոց դուրս գալ: