Հմայակ Մնացյանը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է: 21 տարեկան է, սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմի ժամանակ ծառայում էր Մարտակերտում:
Համոն (բոլորն այսպես են դիմում մեր հերոսին) ասում է` չեն մտածել, որ լայնածավալ պատերազմ կլինի:
«Սեպտեմբերի 13-ից, մինչև կռվի սկսվելը մարտական դիրքում մենք ինժեներական աշխատանքներ ենք կատարել: Գուսանագյուղի կամավորները միացել էին մեզ, որ մենք դիրքերից իջնենք ու ամբողջ զորամասով զինավարժություններ անեինք: Մեզ միացել էին նաև մեր գումարտակից տարբեր վաշտեր»,- պատմում է Համոն:
Նրա խոսքով` արդեն սեպտեմբերի 26-ին հերթափոխ է եղել, ու իրենք իջել են զորամաս: Ինժեներական աշխատանքներ կատարելուց հետո ունեցած գործիքները հանձնել են զորամաս:
«Ամսի 26-ին արդեն, երբ զորամասում էինք, ամբողջ զորամասում խառը վիճակ էր: Դե, հարցրինք` ինչ է կատարվում, իմացանք, որ սահմանին կուտակումներ կան: Մեր ականանետային մարտկոցին նորից պոստեր հանեցին, չնայած նոր էին իջել դիրքերից»,- հիշում է նա:
Պատմում է` պատերազմի սկսվելու նախօրդ օրվա գիշերը քուն հրամանի ժամանակ հրամանատարն ասել է, որ խորը չքնեն` ամեն պահ կարող են տագնապի հրաման տալ:
«Ես, ճիշտն ասած, չեմ քնել այդ գիշեր, սպասել եմ միշտ տագնապի ու շատ անհագիստ էի: Լուսաբացին` կիրակի օր էր, իսկ կիրակի օրերը առավոտյան վեր կացը կես ժամ ուշ է»,- ասում է նա:
Հիշում է` սեպտեմբերի 27-ի առավոտյան էլ սովորականի նման զբաղված են եղել իրենց գործերով` զորամասի մաքրությամբ և այլն:
«Դուրս եկա` ծխելու, մեկ էլ ԱԹՍ-ի ձայն լսեցի: Տղերքին ասացի, իրենք էլ, թե հնարավոր չէ, ու հենց այդ պահին մեր ՀՕՊ-ի տղերքը խփեցին թշնամու ԱԹՍ-ն: Դրանից հետո թշնամին միանգամից սկսեց մեր զորամասի վրա աշխատել»,- ասում է նա:
Իրենց գումարտակով պատսպարվել են նկուղում, հենց այդ ժամանակ էլ հրամանատարը վիրավորում է ստացել: Միանգամից են կողմնոշվել, ստացել են զենք-զինամթերք ու զորամասից դուրս եկել:
«Զորամասից դուրս եկանք, գնացինք ահագին հեռու, խրամատներիի մեջ դիրքավորվեցինք, իսկ հետո հրամանատարները եկան, ու բարձրացանք մարտական դիրքեր»,- ասում է նա:
Սեպտեմբերի 30-ին արդեն իրենց են միացել Երևանից եկած կամավորներ, ընդհանուր եղել են 24 հոգի: Հենց այդ ժամանակ էլ թշնամու արկից կամավորներից մեկը վիրավորվել է:
«Ես գնացել եմ այլ մարտական դիրք` Կասկադ էր կոչվում, մինչև հոկտեմբերի 13-ը այդ դիրքն ենք պահել»,- հավելում է նա:
Պատերազմի ամբողջ ընթացքում Համոենց վաշտը եղել է Արցախի տարբեր տեղերում: Հոկտեմբերի 13-ին տեղափոխվել են Մարտունի` ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու: 21 հոգով եղել են Մարտունու Նինգի, Գիշի, իսկ հետո Կարմիր Շուկա գյուղերում: Ասում է` իրենց դասակը պահեստային էր, ու մնացել են գյուղերի անտառներում՝ գյուղերը հնարավոր վտանգից պաշտպանելու համար:
«Դրանից հետո 2 օր մնացինք Մարտունու զորամասում, հետո տագնապով բարձրացանք Մարտունու Ուլյանի լեռներ»,- հավելում է նա:
Բարձունքի վրա սկսվել են մարտեր, ու զոհեր են ունեցել:
«Պոստից մեր զոհերին իջեցրել ենք, հետո նորից բարձրացել բարձունք: Հոկտեմբերի 26-ի գիշերը պոստի վրա դիվերսիա եկավ, դրա պատճառով էլ զոհեր ու վիրավորներ ունեցանք, թշնամու կողմից էլ շատ զոհեր եղան»,- հավելում է նա:
Հաջորդ օրը լուսաբացին իրենց հրամանատարն էլ է վիրավորվել, ու մարտեր վարել են առանց հրամանատարի: Ասում է` մնացել են 7 ժամկետային զինծառայողով: Համոն վստահեցնում է, որ ճիշտ է, շատ դժվարությամբ, բայց 7 հոգով բարձունքը պահել են:
«Ճիշտ է անհավասար մարտեր են եղել, բայց ամեն ինչով ապահովված եղել ենք, թե փամփուշտերով, թե արկերով»,- հավելում է նա:
Համոն պատմում է` կապ են տվել հրամանատարներին, որ իրենց օգնություն ուղարկեն, իսկ իրենք ասել են, որ համբերեն, մինչև օգնությունը հասնի իրենց:
«Մեզ օգնության է եկել Հադրութի զորամասի վաշտերից մեկը: Էտ մի օրը մնացին ու խուճապահար եղած բարձունքից իջան ձորի մեջ, էլի մնացինք մենք 7 հոգով: Մեզնից երեքը պոստի են կանգնել, իսկ մյուս չորսս խրամատ ենք փորել` աղվեսափոսեր, որ արկ խփի մտնենք էդտեղ, գոնե, վիրավորվենք»,- հավելում է նա:
Հարցնում եմ, թե ունեցել են սննդի և առաջին անհրաժեշտության կարիք, ասում է «Սնունդը մեր հրամանատարներից մեկն էր բերում, ամեն օգնությունն էլ հասել է մեզ թե զորամասից, թե թիկունքից ուղարկածները»:
Հոկտեմբերի 30-ին` հենց ծննդյան օրը, Համոն վիրավորվում է: «Մեր պոստերին սկսեցին ԱԹՍ-ներով խփել, ունեցանք վիրավորներ: Վիրավորներին էինք իջեցնում, որ շտապ-օգնությունը տանի, 2 արկ մեր կողմ ընկավ, ու վիրավորվեցի»:
Ասում է` եթե մարտական ընկերները չվիրավորվեին ու մենակ չմնար, կշարունակեր բարձունքը պահել:
«Մեզ տարան Մարտունու հոսպիտալ, այնտեղից էլ ում վիճակը ծանր է եղել ու ոչ կայուն տարել են Ստեփանակերտ: Հասել եմ Ստեփանակերտ, երևի, մի 5-6 օր մնացել եմ, այնտեղից էլ տեղափոխել են Տիտանիկի գոսպիտալ: Ձախ ոտքիս ստացել եմ բեկորային վնասվածքներ»:
Ախտորոշել են, որ առողջական վիճակը բավարար է, արդեն ուղարկել են իրենց հիմնական զորամասեր` Մարտակերտ:
Զորամասում արդեն նոյեմբերի 9-ին իմացանք, որ պատերազմն ավարտվել է:
«Նոյեմբերի 12-ին գնացել ենք` Մարտունու գրաված տարածքներից մեր գումարտակը բերելու: Զորամաս հետ եկել ենք նոյեմբերի 14-15-ին»,- հիշում է Համոն:
Համոն հիշում է ծառայության վերջին օրերն ու ասում, որ պատերազմից հետո սպա-զինվոր հարաբերությունները շատ էին փոխվել: Հրամանատարները զինվորներին տվել են բոլոր արտոնությունները ու վերաբերել կրտսեր մարտական ընկերոջ նման:
Նոյեմբերի 22-23-ին գումարտակի հրամանատարի ու Կարմի Խաչի ուղեկցությամբ մասնակցել է մեր զինվորների դիերի որոնողական աշխատանքներին` թշնամուն անցած տարածքներում:
Պատերազմից հետո էլ երկու անգամ դիրքեր է բարձրացել, իսկ 2021 թվականի հունվարի 21-ին զորացրվել է: Համոն Արցախի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու համար պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Համոն ցավով է հիշում մարտական ընկերների կորուստը:
«Մի քանի օրա առաջ Եռաբլուր էի գնացել ինձ հետ ծառայող զինվոր կար` Գրիգորյան Էդգարը, վերջերս է իր ԴՆԹ-ն հաստատվել, գնացել էի իր հուղարկավորությանը: Իրար հետ ենք ծառայել մեկ տարի ու կես, շատ մոտ էինք իրար հետ»,- պատմում է Համոն:
Զրույցն ավարտելիս ընդգծում է, որ, ճիշտ է, անհավասար մարտեր են եղել, բայց մենք ամեն ինչով թշնամուն հաղթել ենք: «Իրենց կողմից զոհերը միանշանակ շատ-շատ են, ուղղակի իրենց ԱԹՍ-ներն էին շատ լավ աշխատում ու վճռորոշ եղան»:
Այսօր էլ ընդգծում է, որ պետք է ամեն բան ներդնել բանակը հզորացնելու գործում ու զինել լավագույն զենքերով:
Հեղինակ՝ Շողիկ Կակոյան