Կրթություն

Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով. նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Ազատությանը» որոշ մանրամասներ է փոխանցել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները։ Դասարաններն ամեն օր կախտահանվեն դասերից առաջ ու հետո: Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն առավելագույնը 20 աշակերտով, մյուսները ծրագրից հետ չեն մնա՝ երկրորդ հերթով դասի կգնան։

Նախարարը հավելել է, որ ուղեցույցը պատրաստ է, կհրապարակվի շուտով:

«Այս սահմանափակումների թեթևացման պայմաններում դիմակը տարածման կանխարգելման ամենալավ միջոցն է, և որքան որակյալ սա կազմակերպենք, այնքան մեծ է հավանականությունը, որ մենք արդեն մոտ ապագայում կհրաժարվենք նաև այս սահմանափակումներից և լիարժեք դասապրոցես կիրականացնենք», – նշել է Արայիկ Հարությունյանը։

Նախկինի համեմատ աշակերտները դպրոցում ավելի քիչ կմնան, հետևաբար չեն գործի նաև բուֆետները։ Ուսուցիչներն, ըստ նախարարի, լրացուցիչ աշխատանքներ չեն ունենա։ Ֆիզկուլտուրայի ու երգեցողության դասերի միայն տեսական մասը կկազմակերպվի։ Այս նոր ուղեցույցները պարտադիր կատարման են նաև մասնավոր դպրոցների համար։ Նախարարի խոսքով` նոր կանոնները քննարկել են տնօրենների ու ռեկտորների հետ, այսօր էլ մասնավոր դպրոցների տնօրենների կարծիք-առաջարկներն են լսել:

Նախարարն այսօր կոչով դիմել է աշակերտներին, ուսանողներին և ծնողներին՝ մինչև դասերի բացվելը կամավոր ինքնամեկուսացման անցնել և սահմանափակել շփումները. – «Որպեսզի մենք արդեն ամենասկզբից դասապրոցեսի մեկնարկից ի վեր վիրուսը չբերենք դպրոց և մի մեծ շղթա կտրենք»:

Սովորողների 20 հոգանոց խմբերի անցնելու համար, եթե դասասենյակների պակաս լինի, ապա անհրաժեշտության դեպքում դասերը կկազմակերպվեն նաև նախասրահներում և ֆիզկուլտուրայի դահլիճներում, քանի դեռ եղանակը թույլ կտա։

Այն հարցին, թե ինչո՞ւ են սեպտեմբերի 1-ից դասի գնալու միայն բուհերի բակալավրի առաջին կուրսի ուսանողները, նախարարը պատասխանել է․

«Բուհերն ըստ էության բավականին մեծ են և պետք է նախապատրաստվեն գործընթացին, որոշում կայացվեց, որ ավելի փոքր թվով ուսանողներով սկսվեն դասերը, որպեսզի բուհերն այդ ընթացքում թերությունները շտկեն, որ ավելի մեծ թվով ուսանողներ հաճախելու դեպքում արդեն ընտելացած լինեն այդ նոր իրավիճակին: Իրականում բուհերի համար և դպրոցների համար էլ միանգամայն նոր իրավիճակ է»:

Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ եթե դասարաններում այդուհանդերձ նոր կորոնավիրուսով վարակվածության դեպքեր գրանցվեն, դասերի հետագա ընթացքն ինչպե՞ս է կազմակերպվելու: «Ըստ իրավիճակի պետք է հասկանանք` նախ իր համադասարանցիների շրջանում ամենայն հավանականությամբ ամբողջական թեստավորում կիրականացվի, և եթե դասարանում այդպես տարածում չկա, ապա դասերը չեն կասեցվի տվյալ դասարանում: Եթե մենք տեսնենք, որ տարածում կա այդ թեստավորման արդյունքում, ապա տվյալ դասարանում դասերը կդադարեցվեն», – մանրամասնել է Արայիկ Հարությունյանը:

Տեսանյութը՝ «Ազատություն ռադիոկայանի»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ