Ռուսաստանցի ընդդիմադիր ակտիվիստ, բլոգեր, նախկինում լիցենզավորված իրավաբան Յուրի Ալեքսեեւն (հայտնի որպես Hobbit Отшельник) այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ էր։
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է զբաղվում, ի՞նչն է ստիպել գալ դեսպանատան առաջ։ «Ես ՌԴ քաղաքացի եմ: Իմ՝ ռուս լինելը որեւէ կասկածի տակ չի կարող առնվել։ Միշտ ապրել եմ Ռուսաստանում եւ այնտեղից հեռանալու միտք չեմ ունեցել։ Քննադատել եմ Պուտինին, որովհետեւ համարել եմ, որ նա լավ մարդ չէ եւ կարծել եմ, որ նա ի վերջո մի փորձանք բերելու է Ռուսաստանին։ Այդպես էլ եղավ։ Ռուսաստանն այսօր մեծ փորձանքի մեջ է։ Ռուսաստանը հարձակվեց հարեւան Ուկրաինայի վրա, ինչը բացարձակ անընդունելի է»,-նախ ասաց մեր զրուցակիցը։
Յուրի Ալեքսեեւի խոսքով․ «Նրանք, ովքեր Ռուսաստանում քննադատում են Պուտինին, ստիպված են լինում փախնել, որովհետեւ Ռուսաստանում շատ լուրջ ռեպրեսիաներ են։ Իրականում առաջին տասնամյակը չէ, որ ՌԴ-ում ռեպրեսիաներ են ընթանում, բայց պատերազմի մեկնարկից՝ փետրվարի 24-ից, դրանք այնքան ինտենսիվ են դարձել, որ միայն ամենահամարձակները մնացին Ռուսաստանում։ Ես, օրինակ, պակաս համարձակ եմ եւ իմ նմանները կարծում են, որ երկրից դուրս մեր ջանքերն ավելի արդյունավետ են, ուստի պետք էր փախնել։ Այդպես ես եկա Հայաստան։ Ի՞նչ եմ անում ես․ Պուտինին դուրս եմ հանում Հայաստանից, որովհետեւ տեսնում եմ, որ ՀՀ-ում շատ մեծ թվով մարդիկ են սատարում Պուտինին։ Քաղաքականապես ակտիվ մարդկանց մոտ 50%-ի մասին է խոսքը»։
Ալեքսեեւի վերլուծությամբ՝ ՌԴ նախագահի մասին կարծիք ունեցող հայաստանցիների մի մասն իր հերթին համոզված է, որ նա վատն է, կամ էլ կարծում է, որ եթե Ռուսաստանը չլինի, ՀՀ-ն ևս չի լինի․ «Դա բացարձակ հիմարություն է։ Ոչ մի ազգ չպետք է մտածի այդպես, չպետք է կարծի, թե իր գոյությունը կախված է ինչ-որ արտաքին բանից։ Հայ ազգը պետք է մտածի, որ Հայաստանը գոյություն ունի ու զարգանում է շնորհիվ իրեն միայն»։
Հարցին՝ հետապնդումներից չեք վախենո՞ւմ, Յուրի Ալեքսեեւը պատասխանեց․ «Կարող եմ զգուշանալ, բայց իմ թիկունքում հայ ազգն է։ Հայ ազգը հիմա զարգացրել է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների այնպիսի մակարդակ, որ հուսամ՝ հայ ազգն ինձ կպաշտպանի»։
Բլոգերը հայտնեց, որ ՀՀ-ում էլ է «բախվել» Պուտինի կողմնակիցներին․ մեկը մոտեցել է ու դժգոհել, թե ինչու է նման ցույց անում, իսկ անցած շաբաթ մի քաղաքացի պատռել է իր պաստառը, ինքն էլ դիմել է ոստիկանություն․ «Նրանք կարծես Պուտինի գործակալները լինեն ՀՀ-ում»։ Ապա հավելեց․ «Ես էլ եմ ինչ որ առումով Ռուսաստանի գործակալ»(ժպտում է․-հեղ․)։
Հ․Գ․ Ուսումնասիրելով Hobbit-ի յութուբյան ալիքը՝ պարզեցինք, որ նա ապրիլին հեռացել է Ռուսաստանից։ Մինչեւ այդ հրաժարվել էր նյութական բարիքներից, տեղափոխվել մի հողակտորի վրա՝ նվազագույն կենցաղային պայմաններում ապրելու․ խնամում էր մի նապաստակ, ակտիվ վարում իր բլոգը, տարածում քաղաքական բովանդակությամբ թռուցիկներ ու պատմում Ռուսաստանի խնդիրների մասին, ինչի համար էլ մի օր վարչական տույժի է ենթարկվում։ Այս տարվա մարտին նա իր հողակտորի վրա «Ոչ պատերազմին» գրությամբ պաստառ է տեղադրում։ Քաղաքային դատարանը դա համարում է «չթույլատրված հանրային միջոցառում» եւ նրան դատապարտում 15 օրվա ազատազրկման։ Վերադաս՝ դաշնային դատական ատյանը պատժաչափն իջեցնում է վեց օրվա․ ակտիվիստը վերաքննիչ բողոքը ստիպված է եղել գրել զուգարանի թղթի վրա, որովհետեւ իրավապահները հրաժարվել են իրեն սովորական թուղթ տրամադրել։
Աղբյուրը՝ aravot.am