fbpx
Քաղաքականություն

Դուրս գալ ՀԱՊԿ-ից, դիմել ՄԱԿ ԱԽ․ սկսվել է ստորագրահավաք

Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել, որով ՀՀ իշխանություններին ուղղվում է 3 պահանջ՝ դիմել ՄԱԿ անվտանգության խորհրդին, դուրս գալ ՀԱՊԿ-ից ու կնքել ռազմական փոխօգնության պայմանագրեր այն երկրների հետ, որոնք պատրաստ են օժանդակել Հայաստանին։

Ստորագրահավաքի հայտարարությունում ասվում է․

«Ապրելով ՀՀ տարածքային ամբողջականության խախտման ամբողջ ցավը,

Կիսելով մեր հերոս զինվորների վիրավորումներն ու կորուստների վիշտը,

Անսալով խաղաղ բնակչության կյանքի, առողջության, սեփականության իրավունքների հակառակորդի կողմից ռազմական և տեղեկատվական միջամտությամբ խախտումները,

Տեսնելով ռազմական առումով գործընկեր պետությունների և ՀԱՊԿ-ի անհաղորդությունը ՀՀ սահմանային բախումներին,

ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանները, բնակչության և տեղեկատվական անվտանգությունը պաշտպանելու նպատակով ՀՀ իշխանություններից պահանջում ենք.

1. ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմել՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով։

2. ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել և լքել Հայաստանի հանդեպ պարտավորությունները չիրականացնող կառույցը։

3. Ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել այն երկրների հետ, որոնք ուղիղ կերպով պատրաստակամություն են հայտնել օժանդակել Հայաստանին»։

Ստորագրահավաքի նախաձեռնողը Նարեկ Այվազյանն է։ Այն հասցեագրված է ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարությանն ու ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Ստորագրահավաքին միանալու համար անցեք հղումով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ