Գործող վարչախմբի նկատմամբ հանրային վերաբերմունքի մասին Արտաշես Խուդոյանը հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․
Սիրելի՛ ընկերներ, երբեք մի վախեցեք բարձրաձայնել ձեր անհամաձայնությունը։ Դա չի նշանակում, որ դուք այս կամ այն մարդու «թելն եք թելում», կամ որ նախկինների ու ներկաների կողմն եք։
Անհամաձայն լինելը այն ամենի նկատմամբ, ինչ այսօր տեղի է ունենում, բնական ու անհրաժեշտ է, հատկապես երբ Արցախը, որոշների կարծիքով, դարձել է ադրբեջանական։ Երբ մարդկանց մեջ սերմանում են ատելություն սեփական երկրի, սեփական ազգի հանդեպ, երբ տեսնում ենք, թե ինչպես են ջուրը գցում մեր եղբայրների, հայրերի ու ընկերների մաքառածը՝ մտերմանալով մեր երկու թշնամի հարևան պետությունների հետ, գուցե նաև գումարի կամ կաշառքի դրդմամբ, դա չի նշանակում, որ դուք ցանկանում եք նախկիններին։
Լևոնից մինչև Նիկոլ՝ բոլորը պետք է դատվեն։ Դա միանշանակ է։
Երբ դուք չեք խոսում, դա լուռ համաձայնության նշան է, և այդ լռության վրա հիմնվելով իշխանությունն ասում է․ «Տեսեք, մենք ունենք երկաթե մանդատ և կառավարում ենք, քանի որ չկա ընդվզում, չկա անհամաձայնություն»։
Մի՛ վիրավորեք, խոսեք, բացատրեք մարդկանց, որ այսօրվա իրադարձությունները պարզապես անընդունելի են մեր հայ տեսակին։
Եթե ասում են, թե բերել են համերաշխություն, ապա հարց է առաջանում՝ ինչպիսի՞ համերաշխություն։ Այս «համերաշխությունը» նման է նրան, որ մարդը վաճառի իր երիկամը հանուն գումարի և ասի՝ «ես հիմա առողջ եմ, որովհետև գումար ունեմ»։
Այն թեզին, թե «բա՞ պատերազմենք», ասում եմ՝ ոչ, պատերազմ պետք չէ, բայց դրա համար էլ պետք չէ գլուխ կախել։ Եթե սա խաղաղություն է, ապա որտե՞ղ են մեր հայկական հողերը, որտե՞ղ է օկուպացված տարածքների վերադարձը։ Ինչո՞ւ մենք դեռ ունենք գերիներ Ադրբեջանի տարածքում։ Եթե խաղաղության համաձայնագիր կա, ապա նրանք պետք է վերադառնան առանց որևէ նախապայմանի։
Մի՛ լռեք։ Ձեր լռությունը ընդունվում և ընկալվում է որպես համաձայնություն գործող ռեժիմի հակասահմանադրական գործողությունների հետ։

